Սեպտեմբերի 24-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում կազմակերպվել է հանդիպում Հայաստանի Հանրապետության գործարար համայնքի ներկայացուցիչների հետ։
Հանդիպմանը մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ, տնտեսության և ֆինանսական քաղաքականության հարցերով նախարար Ռուսլան Բեկետաևը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներքին շուկաների գործունեության, տեղեկատվական տեխնոլոգիաների դեպարտամենտների, էկոնոմիկայի նախարարության, ինչպես նաև գործարար համայնքի ներկայացուցիչներ։
Հանդիպման հիմնական նպատակն էր վեր հանել և քննարկել Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության շրջանակներում գործարարությանն առնչվող խնդիրները, ԵԱՏՄ ներքին շուկայում առկա առավել զգայուն խոչընդոտներին վերաբերող հարցերը, ինչպես նաև գտնել վերջիններիս լուծման հնարավոր տարբերակները։
Հանդիպմանը ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ, տնտեսության և ֆինանսական քաղաքականության հարցերով նախարար Ռուսլան Բեկետաևը։
«ԵԱՏՄ-ում փոխադարձ առևտրի խոչընդոտների վերացումը Եվրասիական տնտեսական միության առաջնահերթություններից է և նպատակ ունի ապահովել ներքին շուկաների գործունեությունն առանց բացառությունների և սահմանափակումների, ներառյալ այն խոչընդոտները, որոնք բարդացնում են ձեռնարկատերերի մուտքի ազատությունը ԵԱՏՄ անդամ երկրների շուկաներ։ Ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի տեղաշարժը ԵԱՏՄ տարածքում պետք է լինի առավելագույնս առանց խոչընդոտների»,- նշել է Վարոս Սիմոնյանն իր խոսքում և ավելացրել,- Հայաստանի հիմնական խնդիրներից է ԵԱՏՄ անդամ պետությունների հետ անխափան կապի ապահովումը, քանի որ անմիջական սահմանների բացակայության պատճառով մեր առևտրատնտեսական կապն իրականացվում է Վրաստանի տարածքով՝ Վերին Լարսի մաքսային անցակետով, որի աշխատանքը ժամանակ առ ժամանակ, պայմանավորված եղանակային պայմաններով, բյուրոկրատական գործողություններով խափանվում է՝ լուրջ վնաս հասցնելով ՀՀ տնտեսվարողներին»։
Այս տեսանկյունից նա կարևորել է տրանսպորտային միջոցների տեղաշարժի համար «կանաչ միջանցքի» ստեղծման հարցը՝ նշելով, որ այն զգալիորեն կթեթևացնի բեռնափոխադրումների իրականացումը։
«Համոզված եմ, որ մեր ինտեգրացիոն համագործակցությունը պետք է ծառայի գործարարությամբ զբաղվելու և մարդկային ներուժի լիարժեք իրացման հարմարավետ պայմանների ստեղծմանը»,- ավելացրել է նախարարի տեղակալը:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ, տնտեսության և ֆինանսական քաղաքականության հարցերով նախարար Ռուսլան Բեկետաևն իր հերթին ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ նշել է․
«Ինձ համար շատ կարևոր է նման հանդիպումների անցկացումը։ Ես առաջին անգամ եմ Հայաստանում և կցանկանամ, որ այս հանդիպումը լինի ոչ միայն ֆորմալ, այլև կարողանանք վեր հանել այն հարցերը, որոնք մենք կարող ենք իրապես լուծել»։
Ավելացնելով, որ ԵԱՏՄ-ն ստեղծվել է բիզնեսի հարցերը լուծելու համար՝ նա նշել է, որ հանդիպումներին, որոնց ինքը մասնակցում է, միշտ փորձում է հանդես գալ բիզնեսի կողմից և անել հնարավորինը՝ բարձրացված հարցերին լուծումներ տալու համար։
Նշելով, որ նմանատիպ հանդիպումների ընթացքում բազմաթիվ խնդիրներ են առաջ քաշվել և լուծում ստացել, Վ․ Սիմոնյանն ավելացրել է, որ խնդիրները պետք է լուծվեն, սակայն այդ լուծումները պետք է ընդունելի լինեն ԵԱՏՄ բոլոր հինգ երկրների կողմից։
ԵՏՄ հանձնաժողովի ներկայացուցիչները տեղեկացրել են, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի շրջանակներում արդեն իսկ ստեղծվել է փորձագիտական խումբ, որը ամիսը մեկ անգամ տեսակոնֆերանսների միջոցով քննարկում է առկա խնդիրները, դրանց լուծման ուղղությամբ իրականացված աշխատանքը։ Հանդիպման մասնակիցներին ևս առաջարկվել է միանալ և մասնակցել այդ քննարկումներին։
Շուրջ 2 ժամ տևած քննարկման ընթացքում մասնակիցները ներկայացրել են իրենց խնդիրները, առաջարկել դրանց լուծման եղանակները։ Բիզնեսի բարձրացրած հարցադրումների վերաբերյալ մասնագետները տվել են մանրամասն պատասխաններ, ներկայացրել գործող ընթացակարգերը և մեխանիզմները, բարձրացված որոշ հարցերի լուծման ուղղությամբ արդեն իրականացվող աշխատանքները։
Որպես հիմնական խնդիրներ առանձնացվել են սահմանին ԱԱՀ-ի վերադարձելիության, հարկային հայտարարագրերի լրացման հարցերը, լոգիստիկ խնդիրները, միասնական լոգիստիկ կենտրոնների ստեղծման, ապրանքների որակի և մրցունակության հարցերը։ Անդրադարձ է կատարվել հարկային, մաքսային խնդիրներին, տեխնիկական կանոնակարգերին, ֆինանսական և ներդրումային, օրենսդրական հարցերին։ Գործարարները բարձրացրել են նաև ոսկերչության, թանկարժեք բեռների փոխադրման, դեղագործության ոլորտում գործունեություն իրականացնելիս առաջացող խնդիրները։ Առաջարկվել է դիտարկել նաև ակցիզային հարկի վերադարձելիության խնդիրը։
Քննարկվել է միասնական տեղեկատվական այնպիսի հարթակներ ունենալու հարցը, որոնք հասանելի կլինեն ԵԱՏՄ անդամ պետությունների համար։ Նշվել է, որ թվայնացման, տեղեկատվության հասանելիության և փոխանակման կատարելագործման ուղղությամբ ներկայումս աշխատանքներ իրականացվում են, սակայն քննարկվող հարթակները պետք է ստեղծվեն՝ հաշվի առնելով ԵԱՏՄ յուրաքանչյուր անդամ պետության օրենսդրությունը։
Կարևորվել է ինտեգրացիոն մեխանիզմների ներդրման հարցը։ Անդրադառնալով Եվրասիական տնտեսական միությունում մաքսային տարանցման միասնական համակարգի ստեղծման և փոխադրումների հետագծման համար նավիգացիոն կապարակնիքների կիրառման ընդհանուր կարգին՝ Վ․Սիմոնյանը հույս է հայտնել, որ հարցը առաջիկայում արդյունավետ կերպով կլուծվի։
Ամփոփելով միջոցառումը՝ Վարոս Սիմոնյանը նշել է, որ հանդիպման ընթացքում բարձրացված բոլոր հարցերը կլինեն նախարարության ուշադրության կենտրոնում, կամփոփվեն և կներկայացվեն Եվրասիական տնտեսական հանձնաժողով՝ հետագա լուծումը ապահովելու նպատակով։