Սուբվենցիոն ծրագրով ավարտվել են Ջանֆիդա համայնքի Վ. Սարգսյանի անվան մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքները: Այս մասին հայտնում են Արմավիրի մարզպետարանից:
Շինարարական աշխատանքներն իրականացվել են «ԱԳԱԹ-777» ՍՊԸ-ի կողմից: 1969 թվականին կառուցված մանկապարտեզը երբևէ չէր վերանորոգվել և 2019 թվականից դադարել էր գործել:
Մանկապարտեզի շենքի օպտիմալ շահագործման համար փոխվել է մուտքի դուռը, հատակը բետոնապատվել և սալիկապատվել է, աստիճանները նորոգվել են, կառուցվել է բաց պատշգամբ, փոխվել են ջրագծերը, դռները, պատուհաններն ու տանիքը, ապահովվել է անխափան էլեկտրամատակարարմամբ և ջրամատակարարմամբ, իրականացվել են նաև ներքին հարդարման աշխատանքներ:
Կատարված աշխատանքների արդյունքում շուրջ 130 երեխա հարմարավետ ու բարեկարգ նախադպրոցական կրթական հաստատություն հաճախելու հնարավորություն կունենա: Կստեղծվի նաև երկու տասնյակի հասնող հիմնական աշխատատեղ: Խմբասենյակների գույքը հատկացվել է Focus on Children Now - FCN կազմակերպության կողմից: