Բեռլինյան հայտնի դատավարությունից 100 տարի անց դարձյալ երախտիքի խոսքեր են հնչում գերմանական արդարադատության հասցեին՝ 1921-ին Սողոմոն Թեհլիրյանի արդարացման դատավճռի համար: Կոմիտաս Վարդապետի տարեդարձին և Սողոմոն Թեհլիրյանի արդարացման դատավճռի 100-ամյակին է նվիրված «Սողոմոն և Սողոմոն» համերգային նախագիծը:
Հայկ Մելիքյանի կոմիտասյան կատարումներն ուղեկցվում են Բեռլինի նահանգային դատարանում Թեհլիրյանի գործով դատական լսումների սղագրություններից հատվածների ընթերցմամբ, որոնք ներկայացնում է Բաբկեն Չոբանյանը:
Երկու Սողոմոն՝ Սողոմոնյան և Թեհլիրյան, Հայոց ցեղասպանությամբ բեկված երկու մարդկային ճակատագիր և մեկ ընդհանուր, համազգային ողբերգություն: Ինչպես համադրել այս երկու սկիզբն ու գտնել հոգևոր համախոհության եզրերը:
«Ես սպանել եմ, բայց մարդասպանը ես չեմ»՝ Թեհլիրյանի հայտնի նախադասությունը հարյուր տարի առաջ՝ 1921 թվականին, վերահաստատեց արդարությունը, և բեռլինյան դատարանը նրան անմեղ ճանաչեց Թալեաթի սպանության գործում: Նախագծի հեղինակի գնահատմամբ՝ սա մի իրողություն է, որը պետք է մշտապես հիշվի երախտագիտությամբ:
Նախագծի հեղինակային թիմը՝ Էռնա Ռևազովան, Հայկ Մելիքյանն ու Բաբկեն Չոբանյանը, միավորել են հայ ժողովրդի երկու տարբեր՝ ստեղծագործական սկիզբն ու արժանապատվությունը խորհրդանշող մեծ անհատներին՝ Կոմիտասին ու Թեհլիրյանին, և վստահ են, որ այս միասնությունն այսօր էլ կարևոր ուղերձներ ունի հայ ժողովրդին: