Անկարան մտադիր է ապագայում Մոսկվայից լրացուցիչ С-400 զենիթահրթիռային համակարգեր գնել, ամերիկյան CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, փոխանցում է ТАСС-ը:
«Ապագայում ոչ ոք չի կարող միջամտել այն հարցին, թե մենք ինչ պաշտպանական համակարգեր ենք ձեռք բերում, որ երկրից և ինչ մակարդակով։ Ոչ ոք չի կարող միջամտել դրան։ Միայն մենք կարող ենք նման որոշումներ կայացնել»,- ասել է Էրդողանը:
Թուրքիայի նախագահը նշել է, որ ամեն ինչ բացատրել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին: «Մենք մտադիր էինք ձեռք բերել F-35 կործանիչներ և վճարեցինք 1,4 մլրդ դոլար, բայց այդպես էլ չստացանք այդ կործանիչները: Մենք խնդրեցինք մեզ վաճառել Patriot [զենիթահրթիռային համալիրներ], բայց դա էլ չստացանք: Ուստի ես, հնարավոր է, այլ երկրներից պաշտպանական համակարգեր ձեռք բերեմ»,- պարզաբանել է Էրդողանը։