Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը տեղեկացրել է, որ քաղաքային բնակավայրերի սահմաններում ծառերի հատումը կիրականացվի միայն համայնքի ղեկավարի թույլտվությամբ, պահանջ կսահմանվի ծառերի հատման դեպքում ծառապատել տվյալ հողամասը:
«Երկար տարիներ բազմաթիվ խնդիրների պատճառ հանդիսացած օրենսդրական բացը վերջնականապես լուծում կստանա։ Շրջակա միջավայրի նախարարությունն Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում շրջանառության է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի ընդունման նախագիծը։
Քաղաքական կամքի դրսևորման արդյունքում ոլորտում օրինականություն հաստատելու հաստատակամ մտադրությամբ գնում ենք խնդրի հանգուցալուծման։
Մինչև այսօր համայնքներում սեփականության իրավունքով ձեռք բերված հողերի վրա ծառահատումների նկատմամբ վերահսկողություն սահմանելը որևէ գերատեսչության լիազորության սահմանում չի եղել, գործընթացը թողնված է եղել բացառապես սեփականատիրոջ հայեցողությանը։
Այս նախագծով շրջակա միջավայրի նախարարությունը՝ որպես լիազոր մարմին, փորձում է կարգավորել դաշտը։
Նախագծով նախատեսվում է սահմանել պահանջ այն մասին, որ քաղաքային բնակավայրերի սահմաններում գտնվող բնակավայրերի հողերում, անկախ սեփականության ձևից (պետական, համայնքային, մասնավոր), ծառերի հատումը կարող է իրականացվել միայն համայնքի ղեկավարի թույլտվությամբ, և դրա շրջանակներում նշվում են դեպքերը՝ ինչպես թույլտվության անհրաժեշտության, այնպես էլ դրա անհրաժեշտ չլինելու վերաբերյալ։
Բացի վերոնշյալից՝ նախագծով պահանջ է սահմանվում այն մասին, որ ծառերի հատման դեպքերում համապատասխան հողերի սեփականատերերը կպարտավորվեն ծառապատել տվյալ հողամասը նույն չափով և հատված նույն տեսակի, նույն քանակի ծառերով, իսկ տվյալ հողամասում դրա անհնարինության դեպքում՝ կծառապատեն համայնքի ղեկավարի առաջարկությամբ նույն համայնքի տարածքում գտնվող մեկ այլ հողատարածք՝ հատված նույն տեսակի, կրկնակի քանակի ծառերով, իսկ այս պահանջը սեփականատիրոջ կողմից չիրականացնելու դեպքում՝ որպես այլընտրանք, Կառավարության սահմանած չափով և կարգով սեփականատերը գումար է մուտքագրում տվյալ համայնքի բյուջե՝ համայնքի կողմից ծառապատում իրականացնելու համար։
Ծառահատումների բացասական հետևանքները մեղմելու նպատակով՝ յուրաքանչյուր հատված ծառի համար նույն տեսակի և քանակի, ինչպես նաև կրկնակի քանակով ծառապատման պահանջները, կապահովեն քաղաքային բնակավայրերում ծառապատ տարածքների պահպանությունը և դրանց քանակի ավելացումը, ինչը կնպաստի բնակավայրերում շրջակա միջավայրի վիճակի բարելավմանը, ազգաբնակչության առողջության բարելավմանը՝ ստեղծելով նրանց համար զբոսանքի և հանգստի համար հարմարավետ պայմաններ»,- գրել է նախարարը: