Վերջին երկու օրերին պատվաստումների աճ է արձանագրվել. Կառավարության նիստին հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
Նրա խոսքով՝ սեպտեմբերի 22-ին իրականացվել է 9924 պատվաստում, սեպտեմբերի 23-ին՝ 8440 պատվաստում:
«Սա վկայում է այն մասին, որ մեր քաղաքացիների մոտ պատվաստումների նկատմամբ վստահության մեծացման առումով բավական մեծ փոփոխություն կա: Սա բնական է, որովհետև ընդհանուր առմամբ իրականացված 385503 պատվաստումների արդյունքում մարդիկ տեսնում են՝ որևէ խնդիր չունենք, պատվաստումներն արդյունավետ են, անվտանգ են և պաշտպանում են մեզ կորոնավիրուսով պայմանավորված մահերից ու առողջությանը ծանր վնաս հասցնելուց»,- ասաց նախարարը:
Ավանեսյանը ներկայացրեց, թե կորոնավիրուսով վարակված ընդհանուր ակտիվ դեպքերի մեջ քանիսն են պատվաստված քաղաքացիները:
«Այս պահին ունենք 11470 քաղաքացի, ովքեր ունեն COVID դեպքերի դրական պատասխան, այսինքն՝ ակտիվ դեպքերի թիվն է սա: Եվ ընդամենը 286-ն են, որ պատվաստված քաղաքացիներ են»,- ներկայացրեց Ավանեսյանը՝ շեշտելով, որ սա բնական ցուցանիշ է:
«Այո՛, պատվաստումը 100 տոկոսով չի բացառում վարակման ռիսկը, բայց շեշտակի նվազեցնում է: Իսկ ամենակարևոր նպատակը՝ այս քաղաքացիները հիվանդությունը տանում են ավելի թեթև»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է պատվաստված, բայց կորոնավիրուսով վարակված ու հոսպիտալացված քաղաքացիներին, ըստ նախարարի՝ նրանք ունեն ուղեկցող քրոնիկ հիվանդություններ:
Ավանեսյանը շեշտեց՝ իրենց նպատակն է ձևավորել հանրային իմունիտետի բավարար շեմ: