Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի բեմում պրեմիերա է. 90-րդ հոբելյանական թատերաշրջանը մեկնարկում է Դերենիկ Դեմիրճյանի՝ «Երկիր հայրենի» ներկայացմամբ. ռեժիսորը Վահե Շահվերդյանն է:
Էդգար Քոչարյան, Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասան - Զարմանալիորեն այսօրվա մասին է ներկայացումը: Կարծես հայ ազգը, ֆենոմենալ երևույթ է, խելահեղ շրջապտույտի մեջ է մտել, որից ելք չկա: Ամեն անգամ նրա ճակատագիրը կրկնվում է, ամեն անգամ նույն բանը:
Ներկայացման դերակատարները հիմնականում աբելյանցիներն են: Գագիկ թագավորին մարմնավորելու համար Երևանի Հակոբ Պարոնյանի անվան թատրոնից հրավիրվել է դերասան Վարդան Գևորգյանը: Նա խոստովանում է՝ վանաձորցի հանդիսատեսի ծափերին արժանանալու համար շատ ջանք է պահանջվում:
Վարդան Գևորգյան, Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասան - Հատկապես Վանաձորի հանդիսատեսը չափազանց շռայլ է, չափազանց նրբանկատ ու չափազանց խիստ:
Լոռու մարզպետը կարծում է, որ ներկայացումը մեծ ասելիք ունի, միասնականության և համախմբման կոչ է:
Արամ խաչատրյան, Լոռու մարզպետ - Իսկապես շատ մեծ տպավորություն ստացա ներկայացումից, շատ պրոֆեսիոնալ ձևով էին խաղում մեր դերասանները: Նաև սա ուսուցողական էր, մենք պետք է միասնական լինենք և դասեր քաղենք անցյալից:
Թատրոնի անձնակազմը խոստանում է՝ հոբելյանական թատերաշրջանը լինելու է գերհագեցած և անակնկալներով լի: Եվս մեկ ուրախալի լուր. օրեր առաջ աբելյանցի Արամ Մխիթարյանին շնորհվել է վաստակավոր արտիստի պատվավոր կոչում:
Արամ Մխիթարյան, Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ - Շնորհակալություն եմ հայտնում գնահատանքի համար, իմ երկար տարիների աշխատանքի, իմ ձեռքբերումների համար: Սպասում եմ ժողովրդականին:
Թատերական Լոռի փառատոնն այս տարի նվիրված է լինելու թատրոնի 90-ամյա հոբելյանին:
Լուսինե Սահակյան, Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրեն- Շատ հաճելի է, շատ ուրախ ենք, որ կարողանալու ենք ոչ վանաձորցի, բայց լոռեցի մեր հանդիսատեսին նույնպես ներկայացնել Անուշը:
90-ամյա հոբելյանը նշանավորվում է նաև արծաթե հուշամեդալի թողարկմամբ՝ առաջին անգամ թատրոնի պատմության մեջ: Վանաձորի թատրոնն առաջիկայում 3 պրեմիերայով հանդես կգա նաև Երևանում:
Հեղինակ՝ Սերինե Սերոբյան