ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, խոսելով թալիբներին Մոսկվա հրավիրելու մասին, հայտարարել է, որ Կրեմլը հետևում է թալիբների գործողություններին և Աֆղանստանում կառավարության վերջնական կազմի ձևավորման գործընթացին, փոխանցում է РИА Новости-ն:
«Ինչպես և աշխարհի երկրների ճնշող մեծամասնությունը, մենք նախընտրում ենք ուշադիր հետևել, թե ինչ են անում թալիբներն Աֆղանստանում, թե ինչպիսի վերջնական կառուցվածք կունենա այդ երկրի իշխանության համակարգը, և ինչպես կապահովվեն նախկինում տրված խոստումները: Մենք շատ ուշադիր հետևում ենք այդ ամենին»,- նշել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Մոսկվան մտադի՞ր է այնտեղ հրավիրել թալիբների պատվիրակությանը:
Ավելի վաղ Աֆղանստանի ժամանակավոր կառավարության մշակույթի և տեղեկատվության փոխնախարար Զաբիուլլահ Մուջահիդը հայտարարել էր, որ թալիբները հույս ունեն ստանալ Մոսկվա այցի հրավեր: