Վրաստանում նոյեմբերի վերջից սպասում են կորոնավիրուսի տարածման հինգերորդ ալիքին: Այս կարծիքին է Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն, գրում է Aliq.ge-ն:
Նրա խոսքով` հինգերորդ ալիքն անխուսափելի է ամբողջ աշխարհում, սակայն եթե բնակչության մեծամասնությունը պատվաստվի, այն հաղթահարելը դժվար չի լինի:
Վերջերս հանրապետությունում պատվաստումների օրական ցուցանիշը 15 հազար է, մինչդեռ, համաճարակաբանների ակնկալիքներով` պետք է կրկնակի ավելի լիներ:
Վերջին տվյալով՝ Վրաստանում ընդհանուր առմամբ կատարվել է 1 մլն 700 հազար 895 պատվաստում, 740.814 քաղաքացի պատվաստվել է երկու դեղաչափով:
Վրաստանում վերջին մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1698 նոր դեպք:
Համաճարակի սկզբից ի վեր Վրաստանում գրանցված վարակի դեպքերի ընդհանուր թիվը ուրբաթ առավոտյան հասել է 603.763 -ի:
Վերջին 24 ժամվա ընթացքում գրանցված վարակի դեպքերի ավելի քան 30%-ը Թբիլիսիում է՝ 518 հիվանդ: Եվս 38 հիվանդ մահացել է կորոնավիրուսի բարդություններից: Մահերի ընդհանուր թիվը 8749 է: Ապաքինվել է 1910 մարդ, ընդհանուր` 572.353-ը:
Վրաստանում այս պահին կա 22635 կորոնավիրուսային վարակի ակտիվ դեպք: 4890 հիվանդ ( 21%) բուժվում է հիվանդանոցներում, 1087 հիվանդի վիճակը ծանր է, 30 -ը շնչում է արհեստական շնչառության սարքով: