Այս տարվա հունվար-հունիսին Հայաստանում ներքին զբոսաշրջությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 54.2 տոկոսով: 216 130 քաղաքացի առաջին կիսամյակում նախընտրել է ճանապարհորդել և հանգստանալ երկրում: Վիճակագրական կոմիտեի այս տվյալներն արտացոլում են հյուրանոցային տնտեսության օբյեկտներում հաշվառված Հայաստանի քաղաքացիներին: Ամենաակտիվ մարզերն են Լոռին, Տավուշը և Շիրակը՝ հատկապես Գյումրին:
Մաթևոս Բարսեղյան, տուրիստական ընկերության տնօրեն - Ընտրելով Լոռին կամ Տավուշը՝ միանշանակ ուզում են բնություն: Գյումրի ընտրելով՝ արդեն հայրաքաղաք, այնտեղ տեսնելու շատ բաներ կան՝ թանգարաններ, մշակութային արժեքներ: Ցավոք, մի փոքր պասիվացել է դեպի հարավ ուղղությունը:
Կորոնավիրուսի հասցրած վնասները ներքին զբոսաշրջությանը կարելի է վերականգնված համարել է՝ նշում են ոլորտի ներկայացուցիչները:
Մաթևոս Բարսեղյան - Միանշանակ կարող ենք ասել՝ վերականգնվել է, մարդիկ արդեն ազատ շրջագայում են: Ու քանի որ որոշակի սահմաններ դեռևս փակ են, չէին կարող գնալ շատ երկրներ, ապա որոշում են իրենց հանգիստն անցկացնել Հայաստանում, որը նաև շատ դրական է ազդում և տնտեսությունը զարգանում է:
Քաղաքացիները հիմնականում հանգստանալու են գնում 1-2 օրով՝ ոչ աշխատանքային օրերին, իսկ արձակուրդի շրջանում՝ 1 շաբաթով:
Մաթևոս Բարսեղյան - Հիմնականում՝ վերցնում են միջին սեգմենտի հյուրանոցներ, ամենաշատը՝ հյուրատներ, որոնք բավականին մատչելի են: Ինչ վերաբերում է այն տուրիստականներին, որոնք ունեն խմբային տուրեր կամ ներքին տուրիզմով են զբաղվում, այս տարի իրենց համար՝ նաև մեզ համար, հաջող տարի էր: Իհարկե, համեմատականի մեջ, եթե փորձենք համեմատել 2019-ի հետ՝ զիջում ենք, բայց, ընդհանուր առմամբ, 2020 թվականի հետ համեմատ՝ բավականին հաջող տարի է:
Լոռու մարզի Ստեփանավան համայնքի հանգստյան տներից մեկի տնօրեն Ռազմիկ Պապյանը ևս նշում է, որ այս տարի մեծ ակտիվություն կա:
Ռազմիկ Պապյան, հանգստյան տան տնօրեն - Ակտիվությունը հիմնականում մայիսի կեսերից հետո է՝ փոշոտման սեզոնին, հունիսին քիչ են, հուլիսի 10-ից մինչև օգոստոսի 20-ը ակտիվություն է նկատվում: Մեզ մոտ էլ, փառք Աստծո, անցյալ տարվա համեմատ մոտ 45 տոկոս աճ կա:
Ներքին տուրիզմի ներուժն ավելի մեծ է: 2021-ի առաջին կիսամյակում ներքին զբոսաշրջության ցուցանիշը դեռ 8.2 տոկոսով զիջում է 2019-ի համադրելի ժամանահակահատվածի ցուցանիշից:
Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան