Կյանքի 72-րդ տարում կյանքից հեռացել է թարգմանիչ, դիվանագետ, ՀՀ նախագահի խորհրդական Համլետ Արամայիսի Գասպարյանը: Համլետ Գասպարյանը հեղինակել է բազմաթիվ հոդվածներ, կազմել և խմբագրել գրքեր, թարգմանել գեղարվեստական ստեղծագործություններ:
Համլետ Գասպարյանը ծնվել է 1950 թ. մայիսին 20-ին, Տավուշի մարզի Աչաջուր գյուղում:
1974 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ռոմանո-գերմանական բաժինը:
Խորհրդային տարիներին աշխատել է տպարաններում և հրատարակչական տներում որպես սրբագրիչ և հրատարակչական խմբագիր:
Մասնակցել է Ղարաբաղյան շարժմանը, անդամակցել «Հայ դատի պաշտպանության ընկերությանը»:
1988 թ. աշխատակցել է անկախ հրատարակություններին և թերթերին («Հայ դատ», «Հայ աշխարհ»):
1989-1990 թթ. Եղել է «Հայ աշխարհ» թերթի խմբագրի տեղակալը:
1989-1990 թթ. մասնակցել է «Ազգ» թերթի հիմնադրմանը` մինչև 1995 թ. ապրիլը լինելով օրաթերթի գլխավոր խմբագրի տեղակալը:
Այդ ընթացքում որպես լրագրող բազմիցս լուսաբանել է Հայաստանի ղեկավարության և հայկական պատվիրակությունների արտասահմանյան այցելությունները:
1995 թ. աշխատանքի է անցել ՀՀ արտաքին գործերի նախարարությունում:
1995-1996 թթ. գործուղման է մեկնել Ֆրանսիայում ՀՀ դեսպանություն:
1996-1997 թթ.՝ առաջին քարտուղար ԱԳՆ Եվրոպայի վարչությունում:
1997-1998 թթ. Եղել է Հայաստանի Ազգային հեռուստատեսության գլխավոր տնօրենը:
1999-2002 թթ. գործուղվել է Ֆրանսիայում ՀՀ դեսպանություն՝ որպես խորհրդական:
2002-2003 թթ. աշխատել է ԱԳՆ քաղաքական ծրագրավորման վարչությունում որպես խորհրդական, այնուհետև նշանակվել է ԱԳՆ մամուլի խոսնակ, մամուլի և տեղեկատվության վարչության պետ:
2005 թ. Համլետ Գասպարյանին շնորհվել է արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարարի դիվանագիտական աստիճան:
2006-2010 թթ. Աշխատել է Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունում որպես դեսպանորդ,
2008-2009 թթ․ Ֆրանսիայում ՀՀ դեսպանություն, գործերի ժամանակավոր հավատարմատար,
2010-2017 թթ․ Ռումինիայում ՀՀ դեսպան,
2014-2017 թթ․ Չեռնոգորիայում ՀՀ դեսպան:
2018 թ. փետրվարի 12-ին նշանակվել է ԱԳՆ քաղծրագրավորման վարչության պետ-նախարարի խորհրդական:
2018 թ. ապրիլի 11-ին Հանրապետության նախագահի հրամանագրով նշանակվել է Հանրապետության նախագահի խորհրդական:
2020 թ. մայիսին Հանրապետության նախագահի հրամանագրով պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով: