Սպասվում է, որ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը կանցկացնի լսումներ՝ դատարան Հայաստանի ներկայացրած հրատապ միջոցների հարցով: Սեպտեմբերի 16-ին Հայաստանն Ադրբեջանի դեմ հայցով դիմել էր Հաագայի դատարան՝ Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի խախտման հիմքով:
Եղիշե Կիրակոսյան (ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ) - Ժամկետային չեմ կարող ասել, սպասում ենք դատարանի կողմից օրվա նշանակմանը, հենց որ լինի, դա էլ հրապարակային կլինի: Քննարկման ընթացքում Հայաստանը կներկայացնի հրատապ պահանջների հիմքը, իմաստը և իրավական հիմնավորումները:
Հայաստանը խնդրել է դատարանին կիրառել մի շարք հրատապ միջոցներ: Ներկայացված պահանջների թվում են նաև «ռազմավարի պուրակի» փակումը, ատելության քարոզի, մշակութային ժառանգության, հոգևոր, կրոնական կառույցների ոչնչացման դադարեցումը և պաշտպանության ապահովումը և, իհարկե, գերիների վերադարձը:
Եղիշե Կիրակոսյան - Դա էլ ենք ներառում, քանի որ կարծում ենք՝ գերիների հանդեպ վերաբերմունքը ևս էթնիկ հիմքով է պայմանավորված, իրենց հանդեպ վատ վերաբերմունքն է դրանով պայմանավորված, հայ լինելու պատճառով, դրա համար էլ կարծում ենք՝ առանցքային է, որ պահանջենք դատարանից: Քանի դեռ գործի քննությունն ընթանում է, տևելու է տարիներ, դրա համար հրատապ միջոցը կիրառվի, որ մենք կարողանանք հասկանալ՝ ինչ է կատարվում:
ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչն ընդգծում է՝ միջազգային իրավունքի տեսանկյունից Ռասայական խտրականության կոնվենցիան առանցքային փաստաթուղթ է:
Եղիշե Կիրակոսյան - Միջազգային իրավունքում այսպիսի ընդունված տերմին կա, պայմանագրի շրջանակներում բոլորին ուղղված պարտավորություն առաջացնող փաստաթուղթ է, որը կարևորագույնն է միջազգային իրավունքում, դրա համար էլ մենք նաև հրատապությունը հաշվի առնելով՝ պահանջել ենք դատարանից:
ԳԵՐԻՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ ԿԱՐՈՂ Է ԱՐԱԳԱՆԱԼ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՃՆՇՄԱՄԲ
Դրանից հետո, ըստ Կիրակոսյանի, Հայաստանը հնարավորություն է ունենալու ավելի խորքային, ապացուցողական բազայով ներկայացնել իր դիրքորոշումը: Երեկ ստացվել է ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան Ադրբեջանի ներկայացրած հակընդդեմ հայցը:
Եղիշե Կիրակոսյան - Ստացել ենք, ծանոթացել ենք հայցին, չտամ գնահատական, բայց մի կարևոր հանգամանք նշեմ, որ դատարանի իրավազորությունը սահմանափակված է միայն Ռասայական խտրականության վերացման կոնվենցիայի վերաբերյալ վեճի քննությանը: Այսինքն՝ չի կարելի ամեն հարց բարձրացնել դատարանի առաջ այս հիմքով:
Ինչ վերաբերում է գերիների հարցով ՄԻԵԴ ներկայացված գործերին, Եվրադատարանում շարունակվում է միջպետական գործերի քննության գործընթացը:
Եղիշե Կիրակոսյան - Գրավոր ընթացակարգի փուլում ենք գտնվում, այսինքն՝ ՀՀ-ն կներկայացնի իր դիրքորոշումը առաջիկայում:
ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչը կարևոր քայլ է համարում նաև հայ ռազմագերիների անհապաղ ազատ արձակման օգտին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կոչը. նման որոշումներով Ադրբեջանի հանդեպ ճնշման մեծացումը կարող է արագացնել գործընթացը: