Կառավարությունը վերաբաշխում կատարեց ՏԿԵՆ բյուջեում և 1.259.8 հազար դրամ հատկացրեց «Դպրոցականների ամառային հանգստի կազմակերպում և տրանսպորտային ծախսերի փոխհատուցում» միջոցառմանը, որով ապահովվում է զոհված, հաշմանդամ դարձած զինծառայողների և աշխարհազորայինների, ծնողազուրկ ու սակավ ապահովված բազմազավակ ընտանիքների երեխաների ամառային հանգիստը մանկական առողջարարական ճամբարներում:
Գործընթացի շրջանակներում երեխաներին տրանսպորտային միջոցներով ապահովելու նպատակով ՀՀ Կառավարությունը տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը հատկացրել էր 13.4 մլն դրամ:
«Փաստացի ծախսերի և հաշվետվությունների շրջանակում մի փոքր ավելի են ծախսերը: Մեր նախարարության վերաբաշխման շրջանակում 14.6 մլն դրամի նախագիծ ենք ներկայացրել: Սրանով կփոխհատուցենք ընկերությունների ծախսերը, որոնք մարզպետարանների հետ կնքված պայմանագրերի շրջանակներում այս միջոցառումն իրականացրել են: Սա մեծ ծրագրի վերջին միջոցառումն է, որով ամփոփում ենք՝ շուրջ 3200 երեխաներ երկու անգամ՝ 20 օր հերթափոխով, իրենց հանգիստն անցկացրել են Հանքավանում և Ծաղկաձորում»,- ասաց ՏԿԵ փոխնախարար Վաչե Տերտերյանը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն հիշեցրեց, որ ծրագիրը հաստատելուց առաջ դռնփակ ռեժիմով շատ երկար քննարկում են ունեցել:
«Այդ քննարկումն ուներ մի քանի կոմպոնենտ: Առաջին կոմպոնենտն այն էր, որ երբ պետական ծրագիր է իրականացվում, ուրեմն պետք է ամեն ինչ արվի, որ ամեն ինչ լինի հնարավորինս ամենաբարձր մակարդակի՝ սկսած տեղափոխումից, վերջացրած կենցաղային պայմաններով: Հաջորդ կարևոր կետն այն էր, որ միջոցառումը պետք է ունենա կրթական, հոգեբանական կոմպոնենտ, որպեսզի երեխաները որքան հնարավոր է լիցքավորված վերադառնան իրենց տներ, իրենց ընտանիքներ, կրթության և այլն: Ուրախ եմ, որ, այո՛, այդ պարամետրերով իրականացվել է»,- ասաց Փաշինյանը: