ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ԱԺ-ում «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխությունների նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց, որ Հայաստանում համայնքների ավագանիների ցուցակի ամեն երրորդ ներկայացուցիչը կլինի կին, կանանց ներգրավվածությունը տեղական կառավարման մարմիններում կմեծանա:
«Այս ամբողջ միավորման, խոշորացման գործընթացում մի կարևոր բան կա. քանի որ մենք գնում ենք համամասնական ընտրակարգով, մեր ավագանիների ցուցակի ամեն երրորդ ներկայացուցիչը պետք է լինի կին: Եվ ես սա համարում են շատ դրական գործընթաց: Մարզերում, համայնքներում, տեղական կառավարման մարմիններում բավականին մեծ թվով կանայք կներգրավվեն և՛ ավագանիում, և՛, համոզված եմ՝ համայնքապետարանում այլ գործընթաց կիրականացնեն»,- շեշտեց Սանոսյանը:
Նա համոզմունք հայտնեց, որ արդյունքում համայնքի կառավարման արդյունավետությունը շատ կբարձրանա: