Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը Թուրքիային մեղադրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը միջամտելու համար: ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի ելույթում Կիպրոսի նախագահը շեշտել է, որ եկել է Կիպրոսի մասնատմանը վերջ դնելու ժամանակը, բայց Թուրքիան պետք է հետ կանգնի Կիպրոսի համար «անընդունելի» համարվող դիրքորոշումից: Նախագահն Անկարային հիշեցրել է նաև Կիպրոսի վերաբերյալ ՄԱԿ-ի բանաձևերը:
Նիկոս Անաստասիադիս, Կիպրոսի նախագահ - Թուրքիայի նախագահը կրկին խոսել է բարիդրացիական հարաբերություններ պահպանելու կարևորության մասին: Ես զարմանում եմ: Եվ դա ասում է Էրդողանը: Իսկ ո՞ր երկիրն է, որ մինչև օրս շարունակում է օկուպացրած պահել Կիպրոսը, ո՞ր երկիրն է ներխուժել Սիրիա, ո՞ր երկիրն է խախտում Իրաքի ինքնիշխանությունը, ո՞ր երկիրն է միջամտում Լիբիայի ներքին գործերին, ո՞ր երկիրն է ոտնահարում Հունաստանի ինքնիշխանության իրավունքները, ո՞ր երկիրն է միջամտել Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը: Թուրքիան մեկ նպատակ ունի՝ Կիպրոսը դարձնել իր պրոտեկտորատը:
*****
Լեռնային Ղարաբաղի հարցը քննարկել են ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակում՝ Ռուսաստանի և Ֆրանսիայի արտգործնախարարները: Սերգեյ Լավրովն ու Ժան-Իվ Լե Դրիանը հայտնել են ընդհանուր տրամադրվածություն՝ շարունակելու աշխատանքը Լեռնային Ղարաբաղում իրադրության կայունացման ուղղությամբ, նախևառաջ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով: Ռուսաստանի ԱԳՆ հաղորդագրության մեջ նշվում է, որ Նյու Յորքում կայացած հանդիպմանն արտգործնախարարները քննարկել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել իրադրությանն Աֆղանստանում և Լիբիայում:
*****
Թուրքիայի նախագահը կրկին խոսել է Ռուսաստանի նախագահի հետ սպասվող հանդիպման ակնկալիքների մասին: Նա հայտարարել է, որ բանակցությունների ընթացքում անդրադառնալու են նաև Հարավային Կովկասում խաղաղության հաստատման հարցին: «Մենք ունենք համագործակցության տարբերակ, որն անվանում ենք հինգի կամ վեցի հարթակ։ Այս առումով մենք այժմ դրական ուղերձներ ենք ստանում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանից։ Դրական ուղերձների հետ մեկտեղ՝ մենք որոշ քայլեր ենք ձեռնարկում այս հարցում», - ասել էր Էրդողանը: Թուրքիայի նախագահի խոսքով՝ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման մյուս կարևոր թեման լինելու է Սիրիայում, մասնավորապես՝ Իդլիբում ստեղծված իրադրությունը: «Թուրքիան և Ռուսաստանը երկրներ են, որոնք կարևոր դերակատարում ունեն տարածաշրջանում, և մենք չենք տեսել դեռևս որևէ վատ բան Ռուսաստանի կողմից»,- շեշտել է Էրդողանը: Նա հույս է հայտնել, որ Պուտինի հետ հանդիպման արդյունքներով կընդունվի կարևոր որոշում, որի շնորհիվ երկկողմ հարաբերությունները կթևակոխեն ավելի ակտիվ փուլ: