Այսօր արտահերթ նիստում Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Վահագն Հովակիմյանի և Վլադիմիր Վարդանյանի հեղինակած «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» և կից այլ օրենքներում փոփոխություններ և լրացում նախատեսող օրենսդրական փաթեթը:
Ավելի վաղ Կառավարությունն առաջարկել էր վերանայել օրենքների նախագծերի ուժի մեջ մտնելու ժամկետները:
Առաջարկվել էր նաև սահմանել Հակակոռուպցիոն կոմիտեի հայեցողական պաշտոնների վարձատրության գործակիցները՝ հաշվի առնելով Հակակոռուպցիոն կոմիտեի գործունեությունից բխող առանձնահատկությունները: Առաջարկվել էր կոմիտեի նախագահի խորհրդականի և մամուլի քարտուղարի գործակիցները վերանայել՝ համապատասխանաբար 4.75-ից և 4.50-ից դարձնելով 5:
Այսօր ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում ՀՀ արդարադատության փոխնախարար Սուրեն Գրիգորյանը նշել է.
«Կառավարությունը միանշանակ դրական եզրակացություն ունի նախագծի վերաբերյալ՝ երկրորդ ընթերցմամբ քննարկումից առաջ»: