Կառավարության նիստի մեկնարկին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ պատվաստումային գործընթացին և սահմանված այն կարգին, համաձայն որի՝ աշխատողները չպատվաստվելու դեպքում գործատուին ամիսը երկու անգամ պետք է ներկայացնեն ՊՇՌ թեստի պատասխան:
«Քանի որ ՊՇՌ թեստը վճարովի ծառայություն է, հարցադրում է արվում, թե ինչպես կարելի է մարդկանց համար լրացուցիչ ֆինանսական ծախսեր սահմանել: Մարդկանց համար որևէ լրացուցիչ ծախս չի սահմանվում, որովհետև մարդիկ այդ ծախսն անելու անհրաժեշտությունը և կարիքը չունեն: Կառավարությունը հոգում է, որ մեր սիրելի հայրենակիցները բացարձակապես անվճար ստանան պատվաստում, այսինքն՝ քաղաքացին ինքն է ընտրում՝ ծախս անի՞, թե՞ չանի»,- ասաց Փաշինյանը:
Վարչապետն ընդգծեց, որ ավելի քան 300 հազար պատվաստումներից չկան հիշատակման արժանի բարդություն:
«Ինչու եմ ասում հիշատակման արժանի, որովհետև, այո՛, կարող է մարդու ջերմությունը բարձրանալ, ինչպես բոլոր պատվաստումների դեպքում՝ սկսած կարմրուկի պատվաստումից մինչև այլ պատվաստումներ»,- ասաց Փաշինյանը:
Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև պատվաստման գործընթացին առնչվող այլ խոսակցություններին:
«Հաջորդ շեշտադրումը, որ շատ հաճախ լսում եմ, հետևյալն է, որ փորձում են պատվաստման գործընթացի մեջ դավադրություն տեսնել: Կառավարությունն առաջինն ինքն է պատվաստվել: Այս դահլիճում նստած բոլոր մարդիկ, եթե չունեն հակացուցում, բոլորը պատվաստված են: Այնպես որ քաղաքացիների համար որևէ կարգ սահմանելելիս նախ՝ մենք ինքներս ենք այդ կարգը պահպանում: Ես ինքս պատվաստված եմ, մենք բոլորս պատվաստված ենք, մեր ընտանիքի անդամները պատվաստված են:
Եթե անկեղծ լինեմ, հիմա մտածում եմ, որ նաև բժշկական ցուցումների համաձայն, երբ հակամարմինների հետ կապված հասկանանք, որ կա անհրաժեշտություն նորից պատվաստվելու, մենք պետք է դա անպայման անենք: Մեր պատվաստման ցուցանիշները բավականին ցածր են, այդ թվում՝ տարածաշրջանային առումով, դա իր բացատրություններ ունի՝ կապված տարվա առաջին կեսում մեր երկրում հաստատված քաղաքական իրավիճակի հետ և դրանից բխող իրավիճակների հետ, բայց մենք պետք է բաց թողնվածը լրացնենք, այս խնդիրը լուծենք»,- ասաց Փաշինյանը: