Դարպասի միջնակարգ դպրոցում հիմնված ինտենսիվ այգին արդեն բերք է տալիս: Առաջին պտուղները հավաքել ու պահեստավորել են ձմռան համար:
Ծովինար Թազայան (Դարպասի միջնակարգ դպրոցի տնօրեն) - Մեր մշակած վարունգի թթուն ենք արդեն պահեստավորել: Ունենք կանաչ լոբի, բրոկոլի, խնձոր կա արդեն, որ կարող ենք չրեր պատրաստել, և չոր լոբի՝ ճաշերի համար:
Պարենի համաշխարհային ծրագրի ֆինանսական աջակցությամբ և Լոռու մարզպետարանի հետ համագործակցությամբ «Կանաչ արահետ» կազմակերպության կողմից իրականացված ծրագրի շրջանակում Լոռու մարզի Շահումյան, Ֆիոլետովո և Դարպաս համայնքների դպրոցներն ինտենսիվ պտղատու այգիներ ունեն:
Ռիտա Հարությունյան (Շահումյանի դպրոցի տնօրեն) - Եթե էս այգին, որ հիմա ձեր դիմաց ա, տեսնեիք, թե ինչ աղետալի վիճակում էր, ճահճոտ, ամբողջությամբ ջրի մեջ, մացառներով շրջապատված:
Մարիա Մուրադյան (ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի «Դպրոցական սնունդ» ծրագրի համակարգող) - Այս աշխատանքը, այն արդյունքը, որը մենք այսօր այստեղ տեսանք, փաստորեն, համատեղ աշխատանքի, արդյունավետ համագործակցության արդյունք է: Թե՛ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը, թե՛ դոնորները, կառավարությունը, մարզպետարանը, դպրոցը, տնօրենը, ծնողները՝ բոլորը միասին համագործակցելով հասել ենք այս արդյունքին:
Հաշվի առնելով տարածաշրջանի հողային առանձնահատկությունը՝ դպրոցների այգիներում հիմնականում տնկվել են խնձորի, սալորի, տանձի, դեղձի, բալի, նշի ծառեր, ազնվամորի, բրոկոլի, լոբի և այլ մշակաբույսեր: Այգու բարիքներն աշակերտները կճաշակեն ամբողջ տարին:
Արամ Ղազարյան (Ֆիոլետովոյի միջնակարգ դպրոցի տնօրեն) - Այգուն վերաբերվում են ինչպես սեփականին և փորձում են ամեն ինչ անել, որպեսզի իրենց ձեռքերով ստեղծված բարիքը հասանելի լինի գյուղացիներին, իրենց ընկերներին և ավագ ընկերներին:
Դպրոցներին տրամադրվել են նաև կարկտապաշտպան ցանցեր, ապահովել են կաթիլային ոռոգման համակարգով: Ծրագրի կարևորության մասին փաստում են կազմակերպիչները:
Արամ Գրիգորյան (Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ) - Ինտենսիվ այգիները կարևոր են այնքանով, որ մեր երեխաները իրենք տեսնում են գյուղատնտեսական աշխատանքները ինչպես են կատարվում, ինչի չէ, դա նաև իրենց վաղվա փորձ կլինի:
Այս համագործակցության շրջանակներում մարզում նման 8 այգի է հիմնվել: Կազմակերպիչները վստահեցնում են՝ այգիների տարածքն առաջիկայում կընդլայնվի և կհամալրվի նոր տեսակի պտղատու ծառերով:
Հեղինակ՝ Սերինե Սերոբյան