Այս պահին կորոնավիրուսով հիվանդ պացիենտների բուժման համար 18 ԲԿ-ներում հատկացված 2156 մահճակալից զբաղված են 2006-ը: Համավարակի հետ կապված երկրում իրադրությունը Կառավարության նիստի մեկնարկին ամփոփեց առողջապահության նախարարը:
Անահիտ Ավանեսյան (ՀՀ առողջապահության նախարար)- Մեր մահճակալային կարողությունների 85 տոկոսն արդեն ծավալված է, մենք առաջիկայում աշնան հետ կապված այլ հիվանդություններով ևս ունենք հիվանդացության աճ, ինչը բնական է, ուստի լարվածությունը առողջապահական համակարգի վրա բավական մեծ է:
Դրական է այն, որ վերջին 2 օրերին պավաստումների շեշտակի աճ է գրանցվել:
Անահիտ Ավանեսյան - Երեկ չէ առաջին օրը իրականացրել ենք 9924 պատվաստում, երեկ իրականացրել ենք 8440 պատվաստում:
385.503 պատվաստվածների մոտ որևէ խնդիր չի առաջացել, պատվաստումներն արդյունավետ են, անվտանգ են և պաշտպանում են մեզ Քովիդով պայմանավորված մահերից և առողջությանը ծանր վնաս հասցնելուց, շեշտեց առողջապահական գերատեսչության ղեկավարը:
Վարչապետն էլ անդրադառնալով հնչող մեղադրանքներին՝ հիշեցրեց՝ առաջինը պատվաստվել են կառավարության անդամները:
Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - Էս դահլիճում նստած բոլոր մարդիկ, եթե չունեն հակացուցում, բոլորը պատվաստված են: Էնպես որ, կառավարությունը քաղաքացիների համար որևէ կարգ սահմանելիս նախ ինքներս ենք այդ կարգը պահպանում, ես ինքս պատվաստված եմ, իմ ընտանիքը պատվաստված է: Եթե անկեղծ լինեմ, մտածում եմ, որ բժշկական ցուցումներին համապատասխան, եթե հակամարմինների հետ կապված զգանք, որ անհրաժեշտություն կա նորից պատվաստվելու, մենք պետք է դա անպայման անենք:
Պատվաստումը 100 տոկոսով չի բացառում վարակման ռիսկը, բայց շեշտակի նվազեցնում է, և, ամենակարևորը՝ պատվաստված քաղաքացիների մոտ հիվանդության ընթացքն ավելի թեթև է, շեշտեց առողջապահության նախարարը՝ նշելով, որ այս պահին վարակված 11.470 քաղաքացիներից 287-ն են պատվաստված՝ շուրջ՝ 2.5 տոկոսը:
Հոսպիտալացված 2006 քաղաքացիներից պատվաստված են 38-ը կամ 1.8 տոկոսը:
Անահիտ Ավանեսյան - Այս քաղաքացիներն էլ հիվանդությունը տանում են շատ ավելի թեթև, հոսպիտալացված են, որովհետև ունեն խրոնիկ բազմաթիվ այլ խնդիրներ:
Նիկոլ Փաշինյան - Եթե համադրում ենք թվերը, ստացվում է, որ պատվաստանյութը 98.5 տոկոսով պաշտպանում է վարակվելուց և ավելի շատ տոկոսով պաշտպանում է հոսպիտալացումից:
Պատվաստվածների մոտ վարակվածության տոկոսն ավելի ցածր է, քան կրկնակի վարակվածների մոտ, ընդգծեց գործադիրի ղեկավարը՝ անդրադառնալով հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող հրամանին, ըստ որի չպատվաստված քաղաքացիները ստիպված կլինեն աշխատանքի ներկայանալիս ամիսը 2 անգամ ՊՇՌ թեստի բացասական արդյունք ներկայացնել:
Նիկոլ Փաշինյան - Քանի որ ՊՇՌ թեստը վճարովի ծառայություն է, հարցադրում է արվում, թե ինչպես կարելի է մարդկանց համար լրացուցիչ ֆինանսական ծախսեր սահմանել: Մարդկանց համար ամենևին որևէ լրացուցիչ ծախս չի սահմանվում, որովհետև մարդիկ դրա կարիքը չունեն: Պետությունը հոգում է, որ մեր հայրենակիցները բացարձակապես անվճար ստանան պատվաստում: Քաղաքացին ինքն է ընտրում՝ ծախս անի՞, թե՞ ծախս չանի:
Պատվաստվելով՝ մենք վարակի աղբյուր չենք հանդիսանա ու կպաշտպանենք նրանց, ովքեր ունեն ավելի թույլ առողջություն և պատվաստվելու հակացուցում՝ ընդգծեց առողջապահության նախարարը՝ հիշեցնելով՝ երեկ համավարակը մեր երկրում խլել է ևս 16 կյանք: