Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը հանդիպում է ունեցել մարզի բուժհիմնարկների տնօրենների հետ: Հանդիպմանը մասնակցել են նաև Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ռուբիկ Նավոյանը, ոլորտի պատասխանատու այլ աշխատակիցներ:
Հանդիպման սկզբում մարզպետը ողջունել է բուժհիմնարկների տնօրեններին, շնորհավորել նրանց ՀՀ Անկախության 30-ամյակի առթիվ և շնորհակալություն հայտնել 2020 թվականի Արցախյան պատերազմի ընթացքում կատարած թիկունքային աշխատանքների, ինչպես նաև Covid-19-ի դեմ պայքարի շրջանակներում իրականացվող միջոցառումներին համար:
Մարզպետը մարզի բուժհիմնարկների տնօրեններին հորդորել է ցուցաբերել ամենայն պատասխանատվություն, համագործակցված աշխատանք իրականացնել մարզպետարանի հետ, որպեսզի ոլորտին վերաբերող բոլոր տեսակի խնդիրները ժամանակին և սահմանված կարգով լուծում ստանան:
Հանդիպման ընթացքում Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետը ներկայացրել է մարզում համավարակի դեմ պայքարին ուղղված միջոցառումների պատկերը:
«2021 թվականի սեպտեմբերի 23-ի դրությամբ՝ Գեղարքունիքի մարզում պատվաստվել է 29 133 քաղաքացի, որն այնքան էլ գոհացուցիչ ցուցանիշ չէ: Մենք պետք է պատվաստումներին ուղղված աշխատանքները կազմակերպենք այնպես, որպեսզի մինչև տարեվերջ մարզի բնակչության կեսից ավելին պատվաստումներ ստանա»,- նշել է Լուսինե Վարդանյանը:
Անդրադառնալով Գեղարքունիքի մարզի համայնքներում Covid-19-ի դեմ պայքարի շրջանակներում իրականացվող միջոցառումներին, մասնավորապես՝ պատվաստումներին, Գեղարքունիքի մարզպետը նշել է, որ հարկավոր է գործընթացի վերաբերյալ լուրջ և հետևողական աշխատանք իրականացնել՝ դրանք սկսելով նախ բնակչության շրջանում ճիշտ իրազեկում իրականացնելուց:
«Համավարակի տարածումը հնարավոր է կանխել միայն պատվաստումների շնորհիվ: Եվ եթե դուք կարողանաք ձեր աշխատակազմերի միջոցով պատվաստումների վերաբերյալ ճիշտ տեղեկատվություն տրամադրել բնակչությանը, ես կարծում եմ, որ նրանց շրջանում կմեծանա վստահությունը պատվաստումների հանդեպ, և մենք կունենանք պատվաստվողների թվի կտրուկ աճ: Համոզված եղեք, որ այդ գործընթացի վերաբերյալ ճիշտ տեղեկատվություն տարածելու առաջին աղբյուրը դուք եք և պետք է այն իրականացնեք բարձր պատասխանատվությամբ ու նվիրումով»,-բուժհիմնարկների տնօրեններին դիմել է Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը:
Համավարակի դեմ պատվաստումների գործընթացը մարզում ավելի արդյունավետ իրականացնելու նպատակով մարզպետը հանձնարարել է բուժհիմնարկների տնօրեններին հոկտեմբերի 1-ից պատվասումների քանակի վերաբերյալ իրականացնել պլանավորում և յուրաքանչյուր օր մարզպետարանի համապատասխան ստորաբաժանում ներկայացնել համապատասխան տեղեկատվություն:
Հանդիպման ընթացքում Կարեն Սարգսյանը բուժհիմնարկների տնօրենների հետ քննարկել է նաև մարզում պատվաստումների նպատակով շրջիկ խմբերի գործունեության ներդրման և որոշ բուժհիմնարկներում պատվաստանյութերի պահպանման նպատակով սառցարանների անհրաժեշտությանը վերաբերող հարցեր՝ արձանագրելով, որ խնդիրները Գեղարքունիքի մարզպետարանի կողմից բարձրաձայնվել են ՀՀ առողջապահության նախարարությունում և գտնվում է քննարկման փուլում:
Հանդիպման ավարտին բուժհիմնարկների տնօրենները Գեղարքունիքի մարզպետի հետ քննարկել են կարգավորման անհրաժեշտություն ունեցող մի շարք աշխատանքային բնույթի թեմաներ: