ՀՀ ԿԳՄՍ նախարարության և ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանության աջակցությամբ, Երևանի Ժամանակակից արվեստի թանգարանի նախաձեռնությամբ «Եվրոպական ժառանգության օրերի» շրջանակում՝ սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 24-ը կանցկացվի «Հայաստան-Ֆրանսիա. մշակութային երկխոսություն» խորագրով ցուցահանդեսը: Հանրությանը կներկայացվեն համաշխարհային ճանաչում ունեցող ֆրանսահայ անվանի արվեստագետներ Գառզուի (Գառնիկ Զուլումյան, 1907–2000 թթ.) և Ժանսեմի (Հովհաննես Սեմերջյան, 1920–2013 թթ.) գրաֆիկական աշխատանքները: Ցուցադրությունը տեղի կունենա ֆրանսահայ երգահանների և կոմպոզիտորների (Շ. Ազնավուր, Մ. Լեգրան, Ժ. Գարվարենց) ստեղծագործությունների ուղեկցությամբ:
Ցուցահանդեսի ընթացքում նաև կցուցադրվի հայ-ֆրանսիական մշակութային բազմամյա կապերի և արվեստագետների կյանքն ու գործունեությունը ներկայացնող ֆիլմ (հեղինակ` Արամ Սուքիասյան):
ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանության աջակցությամբ կհրատարակվի ցուցահանդեսի երկլեզու (հայերեն, ֆրանսերեն) պատկերագիրքը, որի շնորհանդեսը տեղի կունենա հոկտեմբերի 17-ին, Երևանում կայանալիք ցուցահանդեսի բացմանը:
Ցուցադրությունները կիրականացվեն սեպտեմբերի 25-28-ը Գյումրիի Ժողովրդական ճարտարապետության, քաղաքային կենցաղի և ազգային ճարտարապետության թանգարանում (Ձիթողցոնց տուն-թանգարան), հոկտեմբերի 1-4-ը Վանաձորի Կառլոս Աբովյանի անվան կերպարվեստի թանգարանում, հոկտեմբերի 17-24-ը Երևանում՝ «Առնո Բաբաջանյան» համերգասրահի վերաբացված սրահում:
Գյումրիում ցուցահանդեսի բացման հանդիսությունը տեղի կունենա Ժողովրդական ճարտարապետության, քաղաքային կենցաղի և ազգային ճարտարապետության թանգարանում սեպտեմբերի 25-ին: Նշենք, որ Գյումրիում բացման արարողության ընթացքում ելույթ կունենա «Կադանս» երաժշտախումբը (գեղարվեստական ղեկավար` Հակոբ Ջաղացպանյան): Ծրագրում` Շ. Ազնավուր, Մ. Լեգրան, Ժ. Գարվարենց և այլն:
Բացման հանդիսություններ տեղի կունենան նաև Վանաձորի Կառլոս Աբովյանի անվան կերպարվեստի թանգարանում՝ հոկտեմբերի 1-ին, և Երևանում` «Առնո Բաբաջանյան» համերգասրահի նորաբաց ցուցասրահում՝ հոկտեմբերի 17-ին: Բացման արարողությունների սկիզբը` ժամը 15:00-ին:
Տեղեկացնենք նաև, որ նախագծի շրջանակում կանցկացվի՝ «Մենատիպ և խառը տեխնիկա. ստեղծագործենք միասին» աշխատարանը, որը կվարի արվեստաբան, նկարիչ, Ժամանակակից արվեստի թանգարանի ցուցահանդեսային բաժնի ղեկավար Լուսինե Նաղդալյանը:
Աշխատարանը տեղի կունենա սեպտեմբերի 26-ին՝ Գյումրիի ժողովրդական ճարտարապետության, քաղաքային կենցաղի և ազգային ճարտարապետության թանգարանում և հոկտեմբերի 2-ին Վանաձորի Կառլոս Աբովյանի անվան կերպարվեստի թանգարանում: Սկիզբը` ժամը 13:00-ին: