Սեպտեմբերի 23-ին ՀՀ Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, հանձնաժողովի պատգամավոր Արսեն Թորոսյանը հանդիպում են ունեցել Հունաստանի խորհրդարանի Հունաստան-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Դիմիտրիոս Մակրոպուլոսի և Եվրոպական հարաբերությունների հատուկ մշտական հանձնաժողովի պատգամավորների հետ:
Հանդիպման ընթացքում պատգամավորները խոսել են հայ և հույն ժողովուրդների պատմական ճակատագրերի նմանության մասին, անդրադարձել երկու ժողովուրդների միջև դարավոր բարեկամական հարաբերություններին, որոնք էլ կանխորոշել են ներկա ռազմավարական, տնտեսական, մշակութային, զբոսաշրջային և մի շարք այլ ոլորտներում սերտ համագործակցությունը:
Խորհրդարանականները խոսել են նաև տարածաշրջանում առկա մարտահրավերների, տարածաշրջանային կայունության ապահովման շուրջ անելիքների և այս համատեքստում` համագործակցության խորացման անհրաժեշտության մասին:
Կողմերը նաև կարևորել են միջազգային տարբեր հարթակներում փոխգործակցության շարունակականությունն ու խորհրդարանական կապերի հետագա զարգացումը:
Պատգամավորներն Աթենքում են գտնվում ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող «ՀՀ Ազգային ժողովի կարողությունների ուժեղացում` Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վերահսկողության ու կիրարկման հետագա աջակցության համար» ծրագրի շրջանակներում, որն իրականացնում են Հունաստանի և Իտալիայի խորհրդարանները: