Արցախի Հանրապետության պետական խորհրդանիշների դեմ ծավալված մոլեգին պայքարը ադրբեջանական իշխանությունների և զինված ուժերի կողմից հայերի նկատմամբ այլատյացության վարքագծի հերթական դրսևորումն է։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը:
«Գորիս-Կապան ճանապարհին անչափահասների տեղափոխող ավտոբուսից սվիններով Արցախի պետականության խորհրդանիշները մաքրելու դեպքը, Արցախի տարբեր բնակավայրերից և շինություններից Արցախի դրոշը հեռացնելու պահանջներն Արցախում ապրող հայերի նկատմամբ ադրբեջանցիների հանդուրժողականության իսպառ բացակայության վառ օրինակներ են։
Պետք է նկատի ունենալ, որ Արցախի պետականության խորհրդանիշները մեր մշակութային արժեքների անբաժանելի մաս են կազմում, ուստի դրանց նկատմամբ անհանդուրժողականությունը ևս մեկ ապացույցն է այն բանի, որ Ադրբեջանը համակարգված պայքար է տանում Արցախում հայկական մշակութային արժեքների դեմ։
Պետականության խորհրդանիշները Արցախի ժողովրդի՝ սեփական հայրենիքում ապրելու, ինքնությունը պահպանելու և ինքորոշման իրավունքի խորհրդանիշներն են, որոնց նկատմամբ ցանկացած ոտնձգություն ինքնին ուղղված է մեր ժողովրդի արժանապատվության և իրավունքների ընդհանուր համակարգի դեմ»,- գրել է Արցախի ՄԻՊ-ը: