Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը կոչ է արել հանուն բազմակողմանիության դաշինքի բոլոր անդամներին ոչ միայն ուժեղացնել ճնշումը Ադրբեջանի նկատմամբ՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքները և հայ ռազմագերիների վերադարձը ապահովելու համար, այլև աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ջանքերին՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը տևական քաղաքական լուծում գտնելու գործում:
Ելույթ ունենալով «Դաշինք հանուն բազմակողմանիության» հարթակի նախարարական հանդիպմանը՝ Միրզոյանը նշել է՝ COVID-19 համավարակը ծանր ազդեցություն է ունեցել յուրաքանչյուր պետության վրա՝ խոչընդոտելով տնտեսական առաջընթացը և խաթարելով անվտանգության միջավայրը ինչպես տարածաշրջանում, այնպես էլ՝ աշխարհում:
Արարատ Միրզոյան (ՀՀ արտաքին գործերի նախարար) - Գլոբալ համավարակի պայմաններում Լեռնային Ղարաբաղի և նրա ժողովրդի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմը հանգեցրեց հումանիտար աղետի: Նույնիսկ այսօր Ադրբեջանը շարունակում է արգելափակել մարդասիրական առաքելությունների մուտքը Արցախ՝ խաղաղ բնակիչներին զրկելով մարդասիրական օգնություն ստանալու հնարավորությունից:
«Դաշինք հանուն բազմակողմանիության» հարթակի նախարարական հանդիպումը անցկացվել է ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 76-րդ նստաշրջանի շրջանակներում:
Շարունակելով հանդիպումների շարքը գործընկերների հետ՝ Արարատ Միրզոյանը Նյու Յորքում հանդիպել է Կիպրոսի արտաքին գործերի նախարար Նիկոս Խրիստոդուլիդեսի հետ: Քննարկվել են երկկողմ, եռակողմ և բազմակողմ ձևաչափերում համագործակցության հետագա խորացման հեռանկարները։ Նախարար Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Կիպրոսի կառավարությանը Հայաստանի ու հայ ժողովրդի համար մարտահրավերներով լի ժամանակաշրջանում աջակցության ու համերաշխության համար և գործընկերոջն է ներկայացրել Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանա-թուրքական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը:
ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 76-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով Նյու Յորքում գտնվող ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է նաև Հորդանանի Հաշիմյան Թագավորության փոխվարչապետ, ԱԳ և արտագաղթյալների նախարար Այման Սաֆադիի հետ:
Հայաստանի և Հորդանանի ԱԳ նախարարները բարձր են գնահատել երկու երկրների միջև քաղաքական երկխոսության առկա մակարդակը և կարևորել 2020 թ․ փետրվարին Հորդանանի թագավոր Աբդալլահ Երկրորդի Հայաստան կատարած այցի ընթացքում Հայաստանի բարձրագույն ղեկավարության հետ ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործումը։
Զրուցակիցները քննարկել են հայ-հորդանանյան բազմաոլորտ հարաբերությունների հետագա խորացմանն առնչվող հարցեր:
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել նաև մերձավորարևելյան և հարավկովկասյան տարածաշրջաններում տեղի ունեցող զարգացումների և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ:
Արարատ Միրզոյանն իր զրուցակցին է ներկայացրել Ադրբեջանի զինված ուժերի՝ Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ իրականացվող սադրիչ գործողությունների հետևանքով ստեղծված իրավիճակը, Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական պատանդների հայրենիք վերադարձի խնդիրները: Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համատեքստում նախարար Միրզոյանը շեշտել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո խաղաղ կարգավորման գործընթացի վերսկսման կարևորությունը:
ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդիի հետ հանդիպմանը Միրզոյանն ուշադրությունը նույնպես հրավիրել է Արցախի դեմ ադրբեջանա-թուրքական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակին և ծառացած հումանիտար խնդիրներին։ Նա, մասնավորապես, շեշտել է տեղահանված արցախահայության` հայրենիք վերադարձի համար պայմանների ստեղծման և նրանց կարիքները հոգալու անհրաժեշտությունը։ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն առանձնահատուկ ընդգծել է նաև Արցախում միջազգային կազմակերպությունների հումանիտար առաքելության իրականացման կարևորությունը՝ անընդունելի համարելով Ադրբեջանի կողմից այս հարցի քաղաքականացումը և արհեստական խոչընդոտների ստեղծումը։