Սեպտեմբերի 24-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունեց Արաբական Միացյալ Էմիրությունների ժամանակավոր հավատարմատար Ահլամ Ռաշիդ Ահմադ Ալ Աբդ Ալ Սալամիին:
Ողջույնի խոսքից հետո ՀՀ ԱԺ նախագահը նշեց, որ Հայաստանը մեծ նշանակություն է տալիս Ծոցի արաբական պետությունների հետ հարաբերությունների զարգացմանը: Նա բարձր գնահատեց ԱՄԷ-ի հավասարակշռված արտաքին քաղաքականությունը տարածաշրջանային և միջազգային մակարդակներում:
Անդրադառնալով խորհրդարանական դիվանագիտության շրջանակներում համագործակցության զարգացման անհրաժեշտությանը` օրենսդիր մարմնի ղեկավարը շեշտեց, որ Ազգային ժողովը շարունակելու է ջանքեր ուղղել երկկողմ հարաբերությունների ակտիվացմանը:
Ալեն Սիմոնյանը տեղեկացրեց հյուրին, որ առաջիկայում կձևավորվի ԱՄԷ-ի հետ միջխորհրդարանական բարեկամության խումբը` հավելելով, որ ակնկալվում է ԱՄԷ-ի կողմից ևս նմանատիպ խմբի ձևավորում:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` ԱՄԷ-ի ժամանակավոր հավատարմատարը փաստեց Հայաստանի հետ տարբեր ձևաչափերով համագործակցության կարևորությունը: Խորհրդարանների փոխգործակցությունը համարելով ուղենշային` նա ընդգծեց համատեղ նախագծերի իրականացման կարևորությունը:
Հանդիպման ավարտին մտքեր փոխանակվեցին առաջիկայում կայանալիք «Դուբայ ԷՔՍՊՈ» համաշխարհային ցուցահանդեսին Հայաստանի մասնակցության շուրջ: