Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ««ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և ««Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը ներկայացրեց հիմնական փոփոխությունները՝ նշելով, որ խոշորացման արդյունքում կունենանք 78 համայնք, այդ թվում՝ Երևանը:
Նախարարի խոսքով՝ ուսումնասիրվել է համայնքների խոշորացումը, հաշվի են առնվել թե՛ դրական, թե՛ բացասական կողմերը, և որոշվել է շարունակել սկսած գործընթացը:
«Առավոտյան ձեզ ներկայացրած նախագծի մեջ առաջարկել ենք երկու փոփոխություն, լրացում: Դրանցից մեկը վերաբերում է Արմավիրի մարզում խոշորացված փնջերից մեկում համայնքի կենտրոնը տեղափոխել Ջրառատից Գայ բնակավայր»,- ասաց Սանոսյանը:
Նա նշեց, որ համայնքում շատերի կողմից էր բարձրացվել հարցը:
«Երկրորդ փոփոխությունը կապված էր տարբեր քաղաքացիների, համայնքների կողմից մեզ ուղարկված գրությունների շրջանի հետ: Նախագծում առաջարկել էինք Եղվարդ կենտրոնում Նաիրիի շրջան ունենալ: Եկանք այն եզրակացության, որ կունենանք առանձին Եղվարդ խոշորացված համայնք և Նոր Հաճն խոշորացված համայնք»,- ասաց Սանոսյանը:
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը տեղեկացրեց, որ կողմ է քվեարկել 63 պատգամավոր:
«Դեմ և ձեռնպահ չունենք, որոշումն ընդունվել է»,- ասաց Ալեն Սիմոնյանը: