Ազգային ժողովը արտահերթ նիստում քննարկում է Կառավարության մշակած նախագիծը, որով առաջարկվում է 441 համայնքի խոշորացմամբ ստեղծել նոր՝ 37 միավոր:
Նախագծի ընդունման դեպքում հանրապետությունում կլինի ընդամենը 78 համայնք, որից 71-ը՝ միավորված: Նոր ձևավորված համայնքներում կկազմակերպվեն նաև ՏԻՄ ընտրություններ: Խորհրդարանի «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները լքել են նիստերի դահլիճը՝ հայտարարելով, որ չեն մասնակցելու հարցի քննարկմանը:
Արծվիկ Մինասյան (ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար) - Օրակարգ է բերվել մի հարց, որը, մեր գնահատմամբ, չի համապատասխանում ՀՀ Սահմանադրության և Սահմանադրական դատարանի որոշման պահանջներին, այն համարում ենք հստակ հանցագործություն, և դրա շրջանակներում քննարկվող հարցերը, բնականաբար, չեն կարող լինել օրինական: Մենք հետամուտ ենք լինելու այս հարցի հետագա իրավական ընթացքին, հանրապետության նախագահի ուշադրությունն ենք հրավիրում և պահանջելու ենք նրանից նաև համապատասխան վիճարկում այս հարցի:
Հայկ Մամիջանյան (ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար) - Հաշվի առնելով, որ այսօրվա օրակարգում ընդգրկված հարցերը, առաջին հերթին, պարզ տեսանելի՝ խիստ քաղաքական, անցանկալի ՏԻՄ ղեկավարներին հեռացման նպատակ են հետապնդում, ինչպես նաև միանալով «Հայաստան» խմբակցության հնչեցրած առաջարկներին, «Պատիվ ունեմ» խմբակցությունը նույնպես չի մասնակցելու այս հարցի քննարկմանը:
Գնել Սանոսյան (ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար) - Այս կողմի նստած գործընկերները, ովքեր հիմա չեն մասնակցում, այս ամբողջ պրոցեսի գլխավոր նախաձեռնողները ժամանակին եղել են իրենք կամ իրենցից շատերը, այսինքն՝ այս միավորման, խոշորացման գործընթացը եղել է 2016-2017 թթ., և մեր իշխանությունը, փորձելով որոշակի բարելավել, փոխել, հիմա գործընթացը շարունակում է: Այնպես որ, գործընկերներից շատերը ժամանակին եղել են այս պրոցեսի մաս, նույնիսկ մեր գործընկեր Դավիթ Լոքյանը՝ Դաշնակցության անդամ, եղել է ՏԿԵ նախարար և այս ամենի նաև ջատագով:
Հեղինակ՝ Նորայր Շողիկյան