ՌԴ-Ն ԵՎ ՖՐԱՆՍԻԱՆ ՊԱՏՐԱՍՏ ԵՆ ԱՇԽԱՏԵԼՈՒ ԼՂ ԽՆԴՐԻ ՇՈՒՐՋ
Լեռնային Ղարաբաղի հարցը քննարկել են ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակում Ռուսաստանի և Ֆրանսիայի արտգործնախարարները: Սերգեյ Լավրովն ու Ժան-Իվ Լը Դրիանը հայտնել են ընդհանուր տրամադրվածությունը՝ շարունակելու աշխատանքը Լեռնային Ղարաբաղում իրադրության կայունացման ուղղությամբ, նախևառաջ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով: Ռուսաստանի ԱԳՆ հաղորդագրության մեջ նշվում է, որ Նյու Յորքում կայացած հանդիպմանը արտգործնախարարները քննարկել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր, մասնավորապես, անդրադարձ է կատարվել իրադրությանը Աֆղանստանում և Լիբիայում:
ՔՆՆԱՐԿՎԵԼ Է ԵՄ-ՌԴ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՐՑԸ
Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակում հանդիպել է ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել է ԵՄ-Ռուսաստան ավելի կայուն ու կանխատեսելի հարաբերությունների կառուցումը։ Հանդիպման ընթացքում շոշափվել է նաև անվտանգության գլոբալ մարտահրավերների դեմ պայքարում համագործակցության շարունակման թեման, այդ թվում՝ Աֆղանստանի, Լիբիայի, Մալիի, մերձավորարևելյան խաղաղ գործընթացի և իրանական միջուկային գործարքի հարցերով։
ԻՏԱԼԻԱՅԻ ԵՎ ԻՍՊԱՆԻԱՅԻ ՌԱԶՄԱԾՈՎԱՅԻՆ ՈՒԺԵՐԸ ՄՏԵԼ ԵՆ ՍԵՎ ԾՈՎ
Իսպանիայի և Իտալիայի ռազմածովային ուժերի նավերը մտել են Սև ծով: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ սևծովյան նավատորմի ուժերը ձեռնամուխ են եղել ՆԱՏՕ-ի անդամ երկրների նավերի գործողությունների վերահսկմանը:
ԿԱՏԱԼՈՆԻԱՅԻ ՂԵԿԱՎԱՐԸ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ԻՏԱԼԱԿԱՆ ԿՂԶՈՒՄ
Կատալոնիայի կառավարության նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնը ձերբակալվել է Իտալիայի Սարդինիա կղզում: Պուչդեմոնը ձերբակալվել է Իսպանիայի Գերագույն դատարանի որոշումով: Ոստիկանությունը նրան բերման է ենթարկել օդանավակայանում ՝ անմիջապես Սարդինիա ժամանելուց հետո: Իտալիայի դատական իշխանությունները պետք է որոշեն՝ նրան հանձնել Իսպանիայի՞ն, թե՞ ազատ արձակել: Պուչդեմոնն Իսպանիայից փախել է 2017 թվականին՝ Կատալոնիայի անկախության հանրաքվեի արդյունքում, որն Իսպանիայի կառավարությունը համարել էր անօրինական: Այս տարի Եվրախորհրդարանը քվեարկությամբ չեղարկել է երեք կատալոնացի եվրապատգամավորների, այդ թվում՝ Պուչդեմոնի, անձեռնմխելիությունը: Իսպանիայի տարբեր քաղաքներում ցույցեր են սկսվել. ակտիվիստները պահանջում են Պուչդեմոնին ազատ արձակել: