Այս տարվա հունվար-օգոստոսին Հայաստանում առևտրաշրջանառության ծավալը կազմել է 4 տրլն 901 մլրդ 231 մլն 404 հազար 67 դրամ: «Լուրերի» հարցմանն ի պատասխան հայտնել են Պետական եկամուտների կոմիտեից:
Սա գրեթե 1 տրլն դրամով կամ 25.6 տոկոսով ավելի է 2020-ի նույն ժամանակահատվածի և շուրջ 960 մլրդ դրամով կամ 24.3 տոկոսով 2019-ի նույն ամիսների ցուցանիշներից:
Այս տարվա նույն ժամանակահատվածում 361 մլն 963 հազար 935 ՀԴՄ-ով կամ հաշվարկային փաստաթղթերով գործարք է իրականացվել. այստեղ ևս էական աճ է արձանագրվել: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ 70 մլն 501 հազար 439 հատով կամ շուրջ 24.2 տոկոսով, իսկ 2019-ի համեմատ՝ 70 մլն 76 հազար 384 հատով կամ 24 տոկոսով ավելի:
Կարինե Մնացականյան (ՊԵԿ հարկային տեղեկատվության և ռիսկերի վերլուծության վարչության պետի տեղակալ) - Առևտրաշրջանառության ոլորտում նշված ցուցանիշների աճը պայմանավորված է հիմնականում հարկ վճարողների կողմից ինքնահայտարարագրման դրսևորումներով: Եվ կա նաև հարկային մարմնի մասնակցությունը գործընթացներին, մասնավորապես, հարկային հսկողություն, վարչարարություն իրականացնելու ուղղություններով և նաև հարկ վճարողներին ծանուցումներով ուղղորդելու՝ առավել ճշգրիտ տվյալներ, ցուցանիշներ հայտարարագրելու իրենց հաշվարկ հաշվետվություններում:
Տնտեսագետները առևտրաշրջանառության ոլորտում արձանագրված աճը պայմանավորում են երեք գործոնով: Ըստ Եղիշե Սողոմոնյանի՝ առաջին գործոնը տնտեսական ակտիվության աճն է, որ այս տարվա 7 ամսում 5.2 տոկոս է:
Եղիշե Սողոմոնյան (տնտեսագետ) - Երկրորդը գնաճն է, գիտենք, որ 21 թվականի օգոստոսին 20 թվականի օգոստոսի նկատմամբ 8.8 տոկոս աճ է գրանցվել, և երրորդ գործոնը, կարծում եմ՝ կարող է պայմանավորված լինել ստվերի կրճատմամբ:
Պետական եկամուտների կոմիտեից էլ հավելում են, որ աճը նաև սեզոնայնությամբ է պայմանավորված:
Կարինե Մնացականյան - Ընդհանուր առմամբ բոլոր ոլորտներում ունենք ցուցանիշների աճ՝ ավելի շատ, ավելի քիչ:
Ըստ Եղիշե Սողոմոնյանի՝ այս տեմպը մինչև տարեվերջ կպահպանվի և միգուցե ավելի բարելավվի: Տնտեսագետի խոսքով՝ տրանսֆերտների աճի, լրացուցիչ եկամուտների և նախկինից հետաձգված ծախսերի գործոնը ևս կա, և կարևոր է, որ տեմպը չթուլանա:
Եղիշե Սողոմոնյան - Ամեն մի խփած ՀԴՄ-ն ապահովում է հարկային եկամուտներ: Հարկային եկամուտների աճը բյուջեի եկամուտներն է մեծացնում, որովհետև բյուջեն է այն աղբյուրը, որը պետության համար զամբյուղ է հանդիսանում մի շարք սոցիալական խնդիրներ լուծելու և իր առջև դրված ռազմավարական հարցերը իրականացնելու համար:
Հատկանշական է, որ ներկայացված տվյալում ներառված չէ փաստաթղթերի դուրսգրման հատուկ ծրագրերով, ինչպես նաև հին սերնդի ՀԴՄ-ների միջոցով իրականացված գործարքների մասին տեղեկությունը:
Նիկոլայ Ավետիսյան