«Արամ Խաչատրյան» համերգասրահում վաղը կրկին Բեթհովենի ստեղծագործություններն են հնչելու: Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը երաժշտասերների համար մոնումենտալ ծրագիր է պատրաստել: Առաջին մասում ներկայացվելու է դաշնամուրի համար գրված համաշխարհային ստեղծագործություններից մեկը՝ Բեթհովենի 5-րդ կոնցերտը։
Էդուարդ Թոփչյան (Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր) - Բեթհովենի 250-ամյակի կապակցությամբ մենք ձայնագրում և տեսագրում ենք իր բոլոր սիմֆոնիաները ամենաբարձր մակարդակով: Երևանում, ովքեր մեզ հետևում են, տեղյակ են, որ անընդհատ Բեթհովեն կատարել ենք 21 թվականի մեր համերգներին:
Մենակատարը բրիտանացի հանրահայտ դաշնակահար Բարրի Դուգլասն է, երաժշտության բնագավառում մատուցած ծառայությունների համար պարգևատրվել է Բրիտանական կայսրության ասպետի երկու բարձրագույն շքանշաններով:
Բարրի Դուգլաս (դաշնակահար) - Շատ ոգևորված եմ, որ Հայաստանում եմ: Երկրաշարժից հետո, երբ Լոնդոնում համերգ կազմակերպվեց, այդ պահից էի ուզում Հայաստան գալ: Առաջին անգամ եկա 5 տարի առաջ: Ինչպես այն ժամանակ, հիմա էլ ինձ մեծ սիրով ու ջերմությամբ ընդունեցին: Հիանալի նվագախումբ ունեք:
Համերգային ծրագրի երկրորդ մասում հնչելու է Բեթհովենի 9-րդ սիմֆոնիան, որը բացառիկ է իր գաղափարական և երաժշտական կատարելությամբ։ Այն մեծանուն կոմպոզիտորի վերջին սիմֆոնիկ ստեղծագործությունն է։ Պատմության մեջ առաջին սինֆոնիան է, որտեղ կա երգչախումբ։ Համավարակով պայմանավորված՝ ֆիլհարմոնիկն անցած տարի չկարողացավ ստեղծագործությունը կատարել:
Էդուարդ Թոփչյան - Հիմա 9-րդ սինֆոնիան պիտի կատարենք, հետո նորից Մարիինյան թատրոնի խումբը պետք է գա, պետք է ձայնագրենք և տեսագրենք: Այնպես որ, բեթհովենասերներին սիրով վաղը սպասում ենք մեր համերգին:
«Բոլոր մարդիկ եղբայրներ են, թող ուրախությունը թագավորի աշխարհում»՝ այս տողերով ոգեշնչված՝ Բեթհովենը գրել է 9-րդ սիմֆոնիան, որի 4-րդ հատվածը Եվրոպական միության օրհներգն է համարվում: