Սոցցանցերի «պրոֆեսորական» հարթակում պատվաստման ու պատվաստանյութի մասին մեկնաբանությունները բազմազան են, հաճախ՝ զավեշտալի: Չհիմնավորված ու անհեթեթ գրառումները կարդում են բոլորը, շատերն այն տարածում են, որ մյուսներն էլ ինֆորմացվելուց հետ չմնան: Մինչդեռ ամբողջ աշխարհում կորոնավարակի դեմ պայքարելու դեռ միակ միջոցը պատվաստվելն է:
«Մետաղադրամը թևիս պատվաստված հատվածին չի կպնում, ոչ էլ այս մյուս թևիս: Իսկ համացանցում պնդում են, որ պատվաստվելուց հետո մագնիսական հատված է ձևավորվում»: Ովքե՞ր են այդպիսի տեսանյութերի հեղինակները, որտե՞ղ են ծնվում դրանք և ինչո՞ւ:
Դավիթ Մելիք-Նուբարյան (ԵՊԲՀ հանրային առողջության և առողջապահության կազմակերպման ամբիոնի ավագ դասախոս, բ.գ.թ.) - Մեծ Բրիտանիայի մի ՀԿ հետազոտությամբ պարզել էր, որ աշխարհի սոցիալական ցանցերի կեղծ քոնթենտի ամբողջ բացասական ինֆորմացիայի համար պատասխանատու են 12 անձինք, նրանք անուն առ անուն հայտնի են, կան կրոնական ներկայացուցիչներ, գործարարներ, նրանք ստանում եմ մեծ եկամուտ՝ մարդկանց առողջության հաշվին:
Որևէ պատվաստանյութի մասին վատ տեղեկություններ տարածելը կարող է լինել նաև մրցակցային քայլ՝ նշում է մասնագետը, շեշտում՝ այսօր աշխարհի խոշոր երկրներում կարևոր և ուժեղ զենք է դարձել պատվաստանյութը:
Դավիթ Մելիք-Նուբարյան - Վերջերս ամերիկյան կազմակերպության կողմից սեպտեմբերի 3-ին հրապարակված տվյալները վկայում են, որ պատվաստվելուն սկզբունքորեն դեմ է 7 տոկոսը:
Մագնիսանալուց մինչև չիպավորում. ֆեյսբուքյան օգտատերերից մեկի գրառումը, որը 12 կիսում ունի, պնդում է՝ պատվաստվելուց հետո կառավարելի ռոբոտներ են մարդիկ դառնալու, ինքնամաքրվելու համար ջրածնի պերօքսիդ է պետք ընդունել՝ ներերակային: Մինչդեռ ջրածնի պերօքսիդի ներքին օգտագործումը թույլատրված չէ:
Դավիթ Մելիք-Նուբարյան - Ինչպես է սկսվում առասպելը՝ լսել եմ, ասում են... Առասպելներից է չիպավորումը, որը ծիծաղելի է: Առասպելներից է 5G, Wi-Fi և ցանցերի հետ կապված: Ցանկացած նոր պատվաստանյութի ի հայտ գալուն պես նման քննարկումներ եղել են:
Այս ամենի կողքին կան նաև մտահոգիչ հարցեր ու պնդումներ: Անդրադառնանք առանձին-առանձին:
Փոխվում է գենետիկ կոդը
Դավիթ Մելիք-Նուբարյան - Այդ պատվաստանյութերը, որոնք ստեղծվել են, բացի երկուսից, որ Հայաստանում չկան, ստեղծված են տասնամյակների ընթացքում կիրառվող տեխնոլոգիաների հիման վրա, որոնք չեն ներգործում մեր գենետիկ կոդի վրա: Իրենք մեր օրգանիզմին սովորեցնում են ճանաչել վիրուսը և շփման ժամանակ վերացնել:
Քրոնիկական հիվանդներին չի կարելի է պատվաստվել
Դավիթ Մելիք-Նուբարյան - Ճիշտ հակառակը. այն մարդիկ, որ ունեն քրոնիկական հիվանդություն, պետք է պատվաստվեն:
Առաջացնում է անպտղություն
Դավիթ Մելիք-Նուբարյան - Այստեղ էլ կա տրամաբանական սխալ, մյուս կողմից՝ նման տեղեկություն տարածող մարդիկ ասում են՝ պատվաստանյութը հետազոտված չէ, ինչ ազդեցություն կարող է ունենալ, մյուս կողմից պնդում են՝ որ կառաջացնի անպտղություն:
Կա հակամարմին, պատվաստվել պետք չէ
Դավիթ Մելիք-Նուբարյան - Հակամարմինների թիվը ժամանակի ընթացքում նվազում է, 1 տարի առաջ վարակված մարդիկ չունեն նույն պաշտպանվածությունը: Հակամարմիններն ու պատվաստանյութն է՛լ ավելի պաշտպանված են դարձնում:
Եվ, ի վերջո, ամենաշատ քննարկվող հարցը՝ եթե պատվաստվելուց հետո էլի վարակվելու ենք, ինչո՞ւ պատվաստվել:
Դավիթ Մելիք-Նուբարյան - ԱՀԿ կայքի 2 օր առաջվա զեկույցն է, դելտա տարբերակի դեպքում ՀՀ-ում կիրառվող պատվաստանյութերը պաշտպանում են 91 տոկոս դեպքերով:
Իսկ դա նշանակում է՝ մոտ 91 տոկոսով նվազում է վարակվելու հավանականությունը: Վիճակագրության համաձայն՝ վարակվածների մինչև 20 տոկոսն է ծանր տանում հիվանդությունը։ Ծայրահեղ ծանր վիճակում հայտնվում է միայն 5%-ը, իսկ մահանում՝ 2%-ը:
Դավիթ Մելիք-Նուբարյան - Միթե մենք մտածում ենք, որ ֆրանսիացիները, որոնք արդեն 80 տոկոս պատվաստվել են, մեզնից ավելի քիչ զարգացած հասարակություն են: Նման կեղծիքները մեզ վրա նստում են օրը 20 մարդու կյանք:
Այս պահին Հայաստանում COVID-ի դեմ մոտ 380.000 պատվաստում է իրականացվել:
Հեղինակ՝ Իրինա Մկրտչյան