ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արմեն Ղևոնդյանը սեպտեմբերի 23-ին ընդունել է Հայաստանում համատեղության կարգով Նիգերիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ դեսպան Յակուբո Սանտուրակի Սուլեյմանին (Yakubo Santuraki Suleiman)` հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ (նստավայրը՝ Թեհրան):
Շնորհավորելով դեսպանին՝ Արմեն Ղևոնդյանը նրան հաջողություն է մաղթել իր առաքելության մեջ և հույս հայտնել, որ դեսպանն իր նպաստը կբերի երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման գործում:
Նիգերիայի դեսպանը, շնորհակալություն հայտնելով նախարարի տեղակալին, նշել է, որ իր գործունեության ընթացքում փորձելու է նոր լիցք հաղորդել Հայաստանի և Նիգերիայի միջև համագործակցությանը։
Կողմերը կարևորել են համատեղ քայլերի մշակումը, որոնք կարող են խթանել երկկողմ փոխգործակցությունը տեղեկատվական տեխնոլոգիաների, կրթության, գյուղատնտեսության և այլ ոլորտներում։
Դեսպանի խնդրանքով ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ հայկական կողմի մոտեցումները՝ կարևորելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում խաղաղ կարգավորման գործընթացի վերսկսման անհրաժեշտությունը։ Երկուստեք ընդգծվել է հակամարտությունների խաղաղ ճանապարհով լուծման կարևորությունը։