Եվրոպական դատարանը օրեր առաջ կայացրած վճռով կասկածի տակ է դրել Ռոբերտ Քոչարյանի 2008 թվականի մարտի 1-ի հրամանագիրը։ Վճռի հրապարակումից հետո գլխավոր դատախազությունը ուսումնասիրություն է սկսել, «Լուրերի» հետ զրույցում ասաց գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:
Սեպտեմբերի 21-ին ստրասբուրգյան դատարանը «Հայկական ժամանակ» օրաթերթի գործով Հայաստանի դեմ վճիռ է կայացրել՝ արձանագրելով, որ հրամանագրի պատճառով խախտվել են Եվրոպական կոնվենցիայի միանգամից երկու՝ արդար դատաքննության և արտահայտվելու ազատության հոդվածներով նախատեսված իրավունքները։
Հիշեցնենք՝ Քոչարյանի ստորագրած հրամանագրով զանգվածային լրատվության միջոցները մարտի 1-ից հետո հայտարարված արտակարգ դրության ընթացքում պետք է հրապարակեին միայն պաշտոնական տեղեկատվություն:
Հենց այդ պատճառով էլ Ազգային անվտանգության ծառայությունը արգելել էր մի շարք թերթերի, այդ թվում՝ «Հայկական ժամանակի» տպագրությունը:
2008-ին «Հայկական ժամանակի» աշխատակից, այժմ պատգամավոր Վահագն Հովակիմյանը հիշում է՝ այդ ժամանակ նույնիսկ փորձել են փոքրիկ խորամանկության դիմել:
Վահագն Հովակիմյան - Եղել է համար, որ տարել ենք միայն նկարներ մարտի 1-ի արյունալի իրադարձություններից, մեր կողմից որևէ տեքստ չկար, միևնույն է՝ արգելեցին:
«Հայկական ժամանակն» այդ ժամանակ մոտ 11 հազար տպաքանակ ուներ:
Վահագն Հովակիմյան - Այդ օրերին չտպագրվելու արդյունքում կրեց հսկայական ֆինանսական կորուստներ, էլ չասեմ քաղաքացիները ուղղակի զրկված էին օբյեկտիվ լրատվություն ստանալու հնարավորությունից։
Վահագն Հովակիմյանը հիշում է՝ փորձել են բողոքարկել հրամանագիրը, սակայն ներպետական դատարանները կտրականապես հրաժարվել են բողոքը վարույթ ընդունելուց, ինչից հետո էլ դիմել են Եվրոպական դատարան:
Վահագն Հովակիմյան - Եվրոպական դատարանը ուղղակի ամրագրում է, որ կոնվենցիայի տեսանկյունից արտակարգ դրություն հայտարարելու կարիք չի եղել, չի եղել հիմք, բայց արտակարգ դրություն է հայտարարվել:
Պատգամավորը նկատեց՝ ՄԻԵԴ-ի այս վճիռն անհանգստացրել է ընդդիմադիր քաղաքական շրջանակների շահերը պաշտպանող իրավաբաններին, որոնք նշել են, որ սա կարող է հիմք լինել Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու համար: Ամեն դեպքում, ըստ նրա, իրավապահները պետք է որոշեն, թե վճիռն ինչ հետևանք կարող է ունենալ:
«Մարտի 1»-ի գործով տուժողների ներկայացուցիչ Տիգրան Եգորյանն էլ նշում է՝ այս վճիռներից հետո կառավարությունը պետք է շատ ավելի գործուն քայլեր ձեռնարկի:
Տիգրան Եգորյան («Մարտի 1»-ի գործով տուժողների ներկայացուցիչ, փաստաբան) - Այդ հրամանագիրը, որն ըստ էության բոլոր այդ իրավունքների խախտման և այդ ժամանակվա իշխանության կողմից ժողովրդավարական պրոցեսների ճնշման համար կիրառվեցին, ոչ իրավաչափ է ճանաչում: Սա նշանակում է ինչպես իրավունքների անհատական մակարդակում իրավունքների վերականգնում, այդ թվում ենթադրում է նաև պատասխանատու պաշտոնյաների համապատասխան պատասխանատվություն, որը որոշ դեպքերում կարող է լինել նաև քրեական պատասխանատվության տեսքով:
Նա խոսքով՝ այն հսկայական ռեսուրսը, որ ներդրվել էր, այժմ Եվրոպական դատարանի վճիռներով վերադարձվում է՝ օգնելով 2018 թվականից սկիզբ առած ժողովրդավարական գործընթացներին:
Հարցին՝ ՄԻԵԴ-ի վճիռը կարո՞ղ է նոր հանգամանք լինել, որպեսզի Քոչարյանը պատասխանատվության ենթարկվի, փաստաբանը պատասխանեց. «Սա, ըստ էության, ենթադրում է պատասխանատվություն, որի մի մասը սահմանված էր Քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածով, մյուս մասը՝ 309-րդ հովածով, կան նաև այլ դրսևորումներով, որոնք որ Քրեական օրենսգիրքը նախատեսում է, և այս հրամանագրի ընդունման միջոցով, ըստ երևույթին, այդ արարքները կատարվել են, և այդ ուղղությամբ պետք է իրականացվի քննություն այս կապակցությամբ, ևս պետք է համապատասխան հետևանքներ ձեռնարկի պետությունը»:
Նույն օրը՝ սեպտեմբերի 21-ին, ստրասբուրգյան դատարանը ևս մեկ վճիռ է կայացրել հօգուտ Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի հիմնադիր և ղեկավար Լևոն Բարսեղյանի. ՄԻԵԴ-ի վճռում նշվում է, որ թեև արտակարգ դրությունը սահմանված էր Երևանում, սակայն իրավապահները նաև Գյումրիում էին սահմանափակել քաղաքացիների հավաքների ազատությունը:
Կարեն Թումանյան (hայցի հեղինակ, փաստաբան ) - ՄԻԵԴ-ում վիճարկել էինք առաջին հերթին Լևոն Բարսեղյանի հավաքների իրականացման և դրա մասնակցության իրավունքի խախտման հանգամանքը, զուգահեռաբար արդար դատաքննության իրավունքի հարցն էինք բարձրացրել, և Եվրոպական դատարանը խախտում է դիտարկել միայն հավաքներին մասնակցելու ազատության իրավունքի մասով:
Փաստաբանի խոսքով՝ ՄԻԵԴ-ի վճիռն ուժի մեջ մտնելուց հետո գործը վերաբացելու հարց կառաջանա՝ դրանից բխող բոլոր հետևանքներով:
Այս երկու վճիռներով Հայաստանի Կառավարությունը դիմումատուներին կվճարի 10500 եվրո։
Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան