Հայաստանի քաղաքացիների շրջանում կորոնավիրուսի դեմ պատվաստումների նկատմամբ դրական փոփոխություն կա: Ազգային ժողովում կայացած քննարկման ընթացքում հայտնել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
Անահիտ Ավանեսյան (ՀՀ առողջապահության նախարար) - Եթե մարտ ամսին պատվաստման նկատմամբ հակվածության ցուցանիշը բնակչության մոտ 10% էր, այսօր 40%-ից բարձր է այդ ցուցանիշը: Եվ մենք տեսնում ենք տեմպը, օրական պատվաստումների բավական արագ աճող ցուցանիշները:
Սեպտեմբերի 22-ին Հայաստանում կատարվել է Covid-19-ի դեմ 9924 պատվաստում: Մինչև օրս 377405 պատվաստում է իրականացվել: Առաջին դեղաչափ է ստացել 244374, երկրորդը՝ 133031 մարդ:
«Ազատ կամք» նախաձեռնության ներկայացուցիչ Արա Զոհրաբյանը պատվաստվելու հարցում մի քանի մտավախություն ունի. ըստ փաստաբանի՝ պատվաստանյութերը պատշաճ կլինիկական փորձարկում չեն անցել:
Արա Զոհրաբյան («Ազատ կամք» նախաձեռնության ներկայացուցիչ) - Այս պայմաններում, բնականաբար, կա վտանգ, ստացվում է, որ այս պահին հանրությունն է անուղղակի դարձել փորձարկման օբյեկտ, իսկ Սահմանադրության 25-րդ հոդվածն ուղղակի արգելում է մարդուն ենթարկել բժշկական փորձի՝ առանց իր համաձայնության:
Առողջապահության նախարարը հակադարձում է՝ պատվաստանյութերը նախատեսված են վարակի հետևանքով մահերը, ինչպես նաև հիվանդության ծանր ընթացքը կանխելու համար:
Անահիտ Ավանեսյան - Երբ երկու դար առաջ էլ ստեղծվել են պատվաստանյութերը, նպատակը միակն է եղել՝ փրկել կյանքեր, և պատմությունը ցույց տվեց, որ, այո՛, պատվաստանյութերը շատ կարևոր դեր են խաղացել և մեզ փրկել են շատ վարակներից, մանկական մահացության վրա լրջագույն ազդեցություն են ունեցել:
Ավանեսյանն անդրադարձավ նաև պատվաստանյութերի հետ կապված միֆերին, ընդգծեց՝ հաստատված փաստ չկա, որ կորոնավիրուսի դեմ պատվաստումներն ազդում են վերարտադրողական առողջության վրա:
Անահիտ Ավանեսյան - Շատ երկրներում հղիները ևս ակտիվ կերպով պատվաստվում են: Որոշակի հետազոտությունների շրջանակում նաև փաստվում է, որ պատվաստանյութի հակամարմիններն անցնում են նաև երեխային և իմունիտետ են ձևավորում:
Չպատվաստված և աշխատող անձինք հոկտեմբերի 1-ից յուրաքանչյուր 14 օրը մեկ գործատուին պետք է ներկայացնեն ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող՝ առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ: Անահիտ Ավանեսյանի խոսքով՝ նպատակը մեկն է՝ վերացնել հիվանդացության բացասական հետևանքները:
Հեղինակ՝ Նորայր Շողիկյան