44-օրյա պատերազմի հետևանքով ստեղծված հումանիտար խնդիրներն ու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հեռանկարն են քննարկել Հայաստանի և Ֆրանսիայի արտգործնախարարները: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի աշխատանքներին մասնակցելու նպատակով Նյու Յորքում գտնվող Արարատ Միրզոյանը ֆրանսիացի գործընկերոջ հետ հանդիպմանը առանձնահատուկ ընդգծել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական պատանդների շուտափույթ հայրենադարձման անհրաժեշտությունը։ Արարատ Միրզոյանը և Ժան-Իվ Լը Դրիանը կարևոր են համարել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերսկսումը։
Միջազգային կառույցներում փոխադարձ աջակցության մակարդակից Երևանը և Աթենքը գոհ են: Արարատ Միրզոյանը և Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասը տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հրատապ հարցերի շուրջ են նաև մտքեր փոխանակել. Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հույն գործընկերոջն է ներկայացրել Արցախի դեմ ադրբեջանա-թուրքական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը։
Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ և տևական լուծման հիմքում պետք է լինի Արցախի ժողովրդի անվտանգության ու ազատության երաշխավորումը, Ավստրիայի գործընկերոջ՝ Ալեքսանդր Շալենբերգի հետ հանդիպմանը շեշտել է Հայաստանի արտգործնախարարը, ընդգծել՝ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի խաղաղ կարգավորման վերաբերյալ Վիեննայի դիրքորոշումը Երևանը բարձր է գնահատում:
Նյու Յորքում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է նաև Լիտվայի ԱԳ նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսի, Լեհաստանի ԱԳ նախարար Զբիգնև Ռաուի, Սլովենիայի ԱԳ նախարար Անժե Լոգարի, Սերբիայի ԱԳ նախարար Նիկոլա Սելակովիչի և Նիկարագուայի արտաքին հարաբերությունների նախարար Դենիս Մոնկադայի հետ, քննարկել երկկողմ և բազմակողմ օրակարգին վերաբերող հարցեր: