Պատվաստումից առաջ Հանրային ռադիոյի աշխատակիցների հարցերը շատ-շատ էին՝ պատվաստումից հետո ինչ բարդություններ սպասել, ում է հակացուցված պատվաստվելը, որ պատվաստանյութն է ավելի արդյունավետ, և ինչ երաշխիքներ կան, որ, օրինակ՝ վերարտադրողական ֆունկցիայի վրա դա չի ազդելու: «Լրագրողների հետ հեշտ չէ»,- կատակեցին մասնագետները, բայց բոլորի հարցերին պատասխանելուց հետո նոր անցան պատվաստումներին:
Ասթինե Պողոսյան (ՀՀ ԱՆ ՀՎԿԱԿ բժիշկ-իմունոլոգ) - Քրոնիկական բոլոր հիվանդությունների դեպքում, եթե սուր շրջանում չի տվյալ հիվանդությունը, կարելի է պատվաստել, որովհետև քրոնիկական հիվանդները ամենամեծ ռիսկի տակ են գտնվում:
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը այսօր հերթական կոլեկտիվ պատվաստումը Հանրային ռադիոյում էր իրականացնում: Պատվաստվել ցանկացող աշխատակիցները նախապես գրանցվել էին, իրենց նախընտրած պատվաստանյութի անունն ասել:
Բժշկուհին մինչև պատվաստելը սրա մասին էլ խոսեց. յուրաքանչյուր օրգանիզմ իր անհատական ռեակցիան է ունենում, և հետպատվաստումային փուլը ծանր կամ թեթև տանելը ոչ թե պատվաստանյութից, այլ օրգանիզմից է կախված, ասաց: Նույնիսկ այս կամ հիվանդությունն ունենալը չի նշանակում, որ պատվաստումը ծանր կամ թեթև եք տանելու: Եվ զգուշացրեց՝ տարածված կարծիքը, թե պատվաստվողը վարակակիր է, իրականությանը չի համապատասխանում:
Ասթինե Պողոսյան - Շաքարային դիաբետով, քրոնիկական ճնշումով ես պատվաստել եմ: Եթե շաքարը, ճնշումը կարգավորվում են դեղորայքով, այդ պահին մարդ իրեն լավ է զգում, իրեն կարելի է պատվաստել:
Գագիկ Ամիրյանը ամենաառաջինն էր եկել պատվաստման:
Գագիկ Ամիրյան (Հանրային ռադիոյի աշխատակից) - Բոլորը պատվաստվում են, ես էլ եմ որոշել պատվաստվել:
Բայց տվյալ պահին առողջական վիճակը թույլ չտվեց, որ պատվաստեին:
Գագիկ Ամիրյան (Հանրային ռադիոյի աշխատակից) - Ճնշումս բարձր էր:
Խորհուրդ տվեցին՝ ճնշումը կարգավորել, հետո պատվաստվել: Իսկ Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահ Արա Շիրինյանն արդեն «ԱստրաԶենեկայի» երկրորդ դեղաչափն էր ստանում: Առաջինը ստացողների համար կիսվեց անձնական փորձով. ընդամենը մի քանի ժամ 37 աստիճան ջերմություն է ունեցել: Ռադիոյում այլ աշխատակիցներ էլ կային, որ վաղուց պատվաստվել էին:
Վիրուսից վա՞խը, թե՞ հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող պահանջն է դրդում մարդկանց պատվաստվել:
Կարեն Կոլոսով (Հանրային ռադիոյի աշխատակից) - Արդեն որոշել էի, որ պիտի պատվաստվեմ, ուղղակի առիթը հարմար եղավ, որ պոլիկլինիկայում չգնամ հերթ կանգնեմ, էսպես կոլեկտիվով ավելի արագ, միանգամից տեղում կստանամ:
Տիգրան Սարգսյան (Հանրային ռադիոյի աշխատակից) - Որ հիվանդությունը շատ ա, ավելի լավ ա սրսկվենք, ապահով զգանք մեզ:
Մինչ Հանրային ռադիոյի տնօրենն էր սպասում պատվաստման իր հերթին, դեռ չպատվաստվածները արդեն փորձառուներին հարցուփորձ էին անում: