«Առողջություն Հայաստան» կամ Santé Arménie անունով ֆրանսահայ բժիշկների խումբը ոչ միայն 44-օրյա պատերազմի օրերին, այլև այսօր էլ շարունակում է առողջություն նվիրել հայ զինվորներին:
Խմբի ջանքերով ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում այսօր բացվեց նորոգված և կահավորված վերականգնողական բաժանմունք։
Կարինե Շահբազյան (նյարդաբան) - Զինվորական հիվանդանոցում, որտեղ պատերազմի ընթացքում և հետպատերազմական շրջանում ընդունում էինք մեծ մասին վիրավորների, նկատեցինք, որ բաժանմունքի վիճակը բոլորովին բարվոք չէ: Որոշվեց՝ պետք է այնպիսի վերականգնողական ստեղծվի, պլատոտեխնիկ այնպիսի համակարգով, որոնք համապատասխանում են այժմյան գիտական մեթոդներին:
Վերանորոգված սենյակները դեռ դատարկ են, մոտ օրերս Եվրոպայից պատվիրած ժամանակակից լավագույն սարքավորումները տեղ կհասնեն:
Վահան Գևորգյան (ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի ղեկավար) - Բավականին հագեցված բաժանմունք է լինելու, մասնագետները բոլորը պատրաստ են իրենց ունակությունը ներդնելու, հուսով ենք՝ բոլորի վերականգնումը շատ արագ կընթանա՝ շնորհիվ այս բաժանմունքի:
Ժամանելով Արցախ ու Հայաստան՝ բժիշկներն հանձն առան պատերազմից տուժածներին առաջին օգնություն ցուցաբերելու և կյանքեր փրկելու առաքելությունը: Ընդամենը մի քանի ամսում Santé Arménie-ն Հայաստանում և Արցախում իրականացրեց բազմաթիվ վիրահատություններ։
Գևորգ Աբգարյան (ֆրանսահայ բժիշկ, «Առողջություն Հայաստան» խմբի ներկայացուցիչ) - Մեր ընկերությունը բացվեց 44-օրյա պատերազմի ժամանակ, բոլոր ֆրանսահայ բժիշկները միացան ու իրենց շուրջ հավաքեցին հայկական և ոչ հայկական ծագումով բոլոր բուժաշխատողներին:
Հայաստան ժամանած խմբում կինեզոթերապևտներ են, նյարդաբաններ, լոգոպեդներ՝ ֆրանսիացի ու հայ:
Սերգեյ Սուչախյան (կինեզոթերապևտ) - Սա հնարավորություն է մեզ համար այստեղ լինելու ու մեր գիտելիքները ծառայեցնելու մեր երկրին:
Santé Arménie-ն նաև կֆինանսավորի Ֆրանսիայում կրթություն ստացած երկու կինեզոթերապևտի, որոնք բարեգործական հիմունքներով կաշխատեն զինվորական հիվանդանոցում: