Մոսկվայում ընթացող բռնցքամարտի բանակայինների աշխարհի առաջնությունում 69 կգ քաշային Արմեն Մաշակարյանը, որը նախ առաջին փուլում հաղթել էր ադրբեջանցի մարզիկին, ապա 1/16 եզրափակչում առավելության էր հասել բելառուս Դմիտրի Միլուշայի նկատմամբ, քառորդ եզրափակչում մրցել է Բրազիլիայի ներկայացուցիչ Լուիս Սիլվա Ռոդրիգեսի հետ:
Ինչպես հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան, մենամարտն անցել է բավականին համառ ու անզիջում պայքարում: Ի վերջո, մրցավարները նախապատվությունը տվել են հայ բռնցքամարտիկին: Բրազիլացի մարզիչները բողոքարկել են մրցավարների որոշումը: Եթե որոշումը չփոխվի, ապա կիսաեզրափակչում Մաշակարյանի մրցակիցը կլինի վենեսուելացի Քրիստիան Մեդինա Պալասիոն:
Դավիթ Չալոյանը նույնպես բանակայինների աշխարհի առաջնության կիսաեզրափակչում է: Նրա մրցակիցը ևս մեկ բրազիլացի՝ Ջոել Սիլվա Ռամոսն էր։ Բոլոր 3 ռաունդների ընթացքում մեր բռնցքամարտիկը նախաձեռնողի դերում էր և մի շարք ուժգին հարվածներ է հասցրել մրցակցին: Ունենալով հսկայական առավելություն՝ Չալոյանը հաղթել է մրցավարների միաձայն որոշմամբ: Կիսաեզրափակչում նրա մրցակիցը կլինի ուզբեկ Լազիզբեկ Մուլուջանովը: