Դիլիջան խոշորացված համայնքի Աղավնավանք գյուղի խոտհարքներ ու վարելահողեր տանող դաշտամիջյան ճանապարհն է: Անտառապահ Լևոնը լավ գիտի, թե այն ինչպես է բարեկարգվել, ինքն է ամեն օր երթևեկում այստեղով:
Դիլիջան, Մարգահովիտ և Ֆիոլետովո համայնքներում ավելի քան 27.5 կմ դաշտամիջյան ճանապարհները վերանորոգվում են Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակի կողմից:
Վարդան Գրիգորյան (Աղավնավանքի վարչական ղեկավար) - Ժամանակին այս ճանապարհը բավականին դժվարանցանելի էր, գյուղացիները մեծ խնդիրներ էին ունենում խոտ տեղափոխելու համար, հիմա մոտ 2.7 կմ ճանապարհահատված վերանորոգվել է, դժվարանցանելի հատվածներով ցանկացած մեքենա այսօր կարող է երթևեկել:
Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը սրանով բարձրացնում ու ամրապնդում է բնության հատուկ պահպանվող տարածքների հարակից համայնքների հարմարվողականության կարողությունները:
Արմեն Եսոյան (Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրենի պաշտոնակատար) - Այս ծրագրի ամբողջ նպատակն է բնության հատուկ պահպանվող տարածքներից համայնքների բնակիչներին կտրենք բնության հատուկ պահպանվող տարածքներից, որպեսզի նրանք իրենց առօրյա կենսագործունեությամբ վնաս չպատճառեն բնության հատուկ պահպանվող տարածքներին:
«Դիլիջան» ազգային պարկը սկսվում է այս գյուղի հարակից անտառներից, դրա համար էլ գյուղում բազմաթիվ են գրասենյակի կողմից իրականացվող ծրագրերը՝ խմոցների տեղադրում, մոտ 40 հա արոտավայրերի պարարտացում, 3 արևային չորանոցների և մեկ արևային ջերմատան կառուցում:
Վարդան Գրիգորյան - Ծրագրի շրջանակներում գարնանը տրամադրվել են սածիլներ և տեղական ավանդական մշակաբույսերի սերմեր: Ասեմ, որ բավականին արդյունավետ էր, և լավ բերքատվություն է ապահովել:
Լուսյա Պողոսյան (Աղավնավանք գյուղի բնակիչ) - Երբեք սմբուկ չենք աճեցրել, որովհետև իմացել ենք, թե էստեղ սմբուկ չի աճում, բայց փաստորեն աճում է:
Տիկին Լուսյան ոչ միայն սմբուկ, այլև լոլիկ, վարունգ ու լոբի է աճեցրել, ստացած բերքից շատ գոհ է:
Լուսյա Պողոսյան - Մեծ արդյունքի հասանք, շատ լավ բերք ստացանք:
Շահառուների ցանկը կազմվում է ըստ բնակիչների զբաղվածության, սոցիալական վիճակի, և վիճակահանությամբ նրանցից ոմանք ստանում են ջերմատների և չորանոցների սեփականատերը դառնալու իրավունք: Համայնքում նախատեսվում է 400 քմ դեղաբույսերի աճեցման ցուցադրական տարածքների և 14 հազար քմ մոշի և ազնվամորու տնկարանների հիմնում:
Արմեն Եսոյան - Մենք իրենց փոխանցում ենք խելացի գյուղատնտեսական տեխնոլոգիաներ, գործելակերպ, իրականացնում ենք ուսուցում, կազմակերպելու ենք դաշտային դպրոցներ, որպեսզի կարողանան ավելի ճիշտ վարել գյուղատնտեսությունը:
Նման ծրագրեր իրականացվում են նաև Արարատի մարզի Ուրցաձոր համայնքում:
Արմեն Եսոյան - Տարածաշրջանն ընտրվել է՝ հաշվի առնելով բնության հատուկ պահպանվող տարածքները, մասնավորապես՝ «Դիլիջան» ազգային պարկն ու «Խոսրովի անտառ» պետական արգելոցը:
Ծրագիրն իրականացվում է ՄԱԿ-ի Հարմարվողականության հիմնադրամի աջակցությամբ: Հատկացված միջոցները գերազանցում են 1 մլրդ դրամը: