Հակահամաճարակային կանոնների խախտման 7 արձանագրություն՝ մեկ ժամում: Համավարակի տարածումը կանխարգելելուն միտված հանրային տրանսպորտի մշտադիտարկումն այսօր շարունակվել է Երևանի՝ տարածքով ամենամեծ վարչական շրջաններից Մալաթիա-Սեբաստիայում:
Գոռ Հարությունյան, ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի Երևանի տրանսպորտային անվտանգության բաժանմունքի փորձագետ - Իրականացվել է 2000-ից ավել մշտադիտարկում, կազմվել 197 արձանագրություն:
Մեկ ամսից ավելի է տեսչական մարմինները մշտադիտարկում են իրականացնում: Չնայած ուժեղացված հսկողությանը, թե՛ վարորդների և թե՛ ուղևորների մի մասը շարունակում է չպահպանել հակահամաճարակային կանոնները՝ ասում է տեսչական մարմնի փորձագետը:
Գոռ Հարությունյան - Հիմնականում խախտումներն արձանագրվում են նրանց մոտ, որոնք դիմակներ չեն կրում, ախտահանիչ հեղուկը բացակայում է:
Լինում են նաև դեպքեր, երբ տրանսպորտային միջոցը գերբեռնված է լինում: Այդ դեպքում ուղևորներին ստիպված են լինում իջեցնել միկրոավտոբուսից:
Ի դեպ, եթե գերբեռնված միկրոավտոբուսների դեպքում ուղևորներն իջեցվում են, ապա ավտոբուսների դեպքում՝ ոչ:
Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական և Առողջապահական ու աշխատանքի տեսչական մարմինները ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցների հետ համատեղ հակահաճարակային կանոնների պահպանման մշտադիտարկում են իրականացնում նաև շրջիկ խմբերով: Խախտողները նախ զգուշացվում են, ապա ենթարկվում վարչական պատասխանատվության:
Տեսչական մարմիններն առաջիկա օրերին ևս շարունակելու են ուժեղացված վերահսկողություն իրականացնել հանրային տրանսպորտում:
Հեղինակ՝ Վրույր Մկրտչյան