«Դիլիջան» ազգային պարկի «Ազնվացեղ եղջերուների բազմացման» կենտրոնում արդեն 26 կովկասյան եղջերու կա: Եղջերուի այս տեսակն ընդգրկված է Հայաստանի «Կարմիր գրքում» և Բնության պահպանության միջազգային միության չափորոշիչներով համարվում է «Կրիտիկական վիճակում գտնվող»:
Սամվել Ժամհարյան, «Դիլիջան» ազգային պարկի «Ազնվացեղ եղջերուների բազմացման» կենտրոնի ղեկավար - Շրջակա միջավայրի նախարարությունը՝ գերմանական WWF կազմակերպության հետ համատեղ, մեկնարկեցին այս ծրագիրը, որի նպատակն է եղջերուների վերականգնումը ոչ միայն «Դիլիջան» ազգային պարկում, այլև ամբողջ Հայաստանում:
Կենտրոնի հիմնման աշխատանքներն սկսել են դեռևս 2013 թվականին, սակայն առաջին 3 եղջերուն Իրանից Հայաստան է բերվել 2018-ին: Սա նաև բնապահպանական ծրագիր է: Այսպես օրինակ՝ անտառներում մացառուտները շատ են, որովհետև եղնիկերն են պակասել:
Սամվել Ժամհարյան - Ներկայումս կենդանիների ընդհանուր թվաքանակը 26-ն է, այս տարի միայն 8 ձագուկ ենք ունեցել, իրենց բավականին լավ են զգում մեր տարածքում, 10 հեկտար ազատավանդակ է:
Մինչև 1954 թվականը Կովկասյան ազնվացեղ եղջերուն լայնորեն տարածված է եղել Հայաստանի հյուսիսային, արևելյան և հարավային անտառներում: Սակայն որսագողության և անտառների անխնա հատման հետևանքով՝ աստիճանաբար վերացել էր Հայաստանի տարածքից: «Ազնվացեղ եղջերուների բազմացման» կենտրոնի եղջերուներն այս պահին 10 հեկտար ազատավանդակում են, սակայն մի քանիսին ազատ բնություն են բաց թողնելու:
Սամվել Ժամհարյան - Կենդանիների բացթողնման առաջին փուլը նախատեսվում է մյուս տարի՝ 2022 թվականին, հետագայում այդ պրոցեսը շարունակական կլինի:
Ազնվացեղ եղջերուների քանակը տարեցտարի ավելանալու է:
Սամվել Ժամհարյան - Այս պահին 11 մայր ունենք, այսինքն՝ մաքսիմում 11, բայց կարող է 1-2 ձագուկ քիչ ծնվի:
Կովկասյան ազնվացեղ եղջերուն ընդհանրապես Հարավային Կովկասի ամենավտանգված տեսակներից է:
Հեղինակ՝ Անի Օհանյան