Հայկական ընկերության ստեղծած գործիքով ստուգում են նոր աշխատանքի ընդունվող ծրագրավորողի գիտելիքները՝ ավտոմատ թեստերով:
Էդուարդ Փիլիպոսյան (CodeSignal ընկերության հայաստանյան գրասենյակի տնօրեն) - Հենց առաջին օրվանից մեր գլխավոր նպատակն էր, որ ստեղծենք այնպիսի միջավայր, որ մարդիկ աշխատանքի ընդունվեն ըստ իրենց գիտելիքի ու կարողությունների և ոչ թե ըստ Սի Վի-ի:
CodeSignal-ի այս բացառիկ տեխնոլուծումներից են օգտվում Netflix-ը, Facebook-ը, Uber-ը, Zoom-ը, Dropbox-ը, ու ընդամենը 6 տարում արագ աճելով՝ վերջին 10 ամսում 2 անգամ ներդրում են ներգրավել` 25 միլիոնից հետո այժմ՝ 50 միլիոն դոլար:
Էդուարդ Փիլիպոսյան - Վերջին ներդրումից հետո մեր ընկերությունը գնահատվել է կես միլիարդ դոլար, մենք կատակով ասում ենք՝ կես յունիքորն, բայց մենք գիտենք մեր առաջ գնալու հնարավորությունները: Դրսի կազմակերպությունները, մարդիկ հասկանում են, որ լավ էկոհամակարգ կա, մեծանում է մոտիվացիան, որ մտնեն ՏՏ ոլորտ, որը ամենաարագ զարգացող ոլորտն է:
Աշխարհահռչակ ընկերություններն ընդունում են նաև CodeSignal-ում անցած սերտիֆիկացումները: Այստեղ կարելի է ստուգել նաև թեստերի արագությունն ու որակը: Կարող են նաև օնլայն հարցազրույցներ անցկացնել ու աշխատանքի ընդունել աշխարհի ցանկացած կետից: Ինչպես հիմա:
Ալբերտ Սահակյան (CodeSignal ընկերության ավագ ինժեներ-ծրագրավորող) - Ես կարող եմ տեսնել իրեն, ինքը կարող է կոդ գրել, ու ես կարող եմ տեսնել իր գրած կոդը, կարող եմ ընտրել տարբեր թասքեր:
Այս ամենի համար պետք է ընդամենը 1-1,5 ժամ, արդյունքն էլ համակարգն ավտոմատ գնահատում է։
Ալբերտ Սահակյան - Մենք ստանում ենք կանդիդատների կոդ գրելու մասին սիգնալ, հիմա ինչքան լավ լինի այդ սիգնալը, ինչքան ճշգրիտ իմանանք այդ ինֆորմացիան, այդքան կխնայենք ինտերվյուների ժամանակը, որը կարող էր ծախսել պրոդուկտ սարքելու վրա:
Համակարգում գործատուն նաև կարող է տեսնել թեստը լուծողի քայլերը, նույնիսկ կարող է հասկանալ՝ արտագրե՞լ է:
Նոր ներդրումն էլ կօգտագործեն, որ մեծացնեն համակարգի հնարավորություններն ու թիմը: Իսկ իրենց միանալ ցանկացողներին հուշում են՝ CodeSignal-ում աշխատանքի ընդունվելիս գիտելիքները ստուգելը պարտադիր է: