ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինին:
Ողջունելով ԵՄ դեսպանին՝ ԱԺ նախագահը նշել է, որ Եվրոպական միության հետ գործընկերության զարգացումը Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնային ուղղություններից է:
Ալեն Սիմոնյանը դեսպանին տեղեկացրել է, որ ՀՀ Ազգային ժողովում ձևավորվել է «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովում ԱԺ պատվիրակությունը, իսկ ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի ԱԺ պատվիրակությունը ձևավորման փուլում է:
Խորհրդարանի ղեկավարը երախտագիտություն է հայտնել ԵՄ-ի կողմից տրամադրվող նշանակալի աջակցության համար (2,6 մլրդ եվրո)՝ շեշտելով, որ այն ուղղված է լինելու մի շարք ուղենշային նախաձեռնությունների:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ ԵՄ դեսպանն իր խոսքում մեծապես կարևորել է 2021 թվականի՝ արդար և ժողովրդավարական խորհրդարանական ընտրությունները: Նա վերահաստատել է ԵՄ շարունակական աջակցությունը հայաստանյան ժողովրդավարական բարեփոխումների գործընթացին:
Կողմերն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ներկա փուլին՝ երկուստեք փաստելով, որ հարցի կարգավորումը պետք է լինի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո:
Այս համատեքստում քննարկվել են տարածաշրջանային կայունության և անվտանգության ամրապնդման հարցերը: Անդրադարձ է եղել ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների կողմից ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ իրականացվող սադրիչ գործողություններին:
Հանդիպման ավարտին երկուստեք կարևորվել է խորհրդարանական ձևաչափով համագործակցության ակտիվացմանը միտված ծրագրերի իրականացումը: