Արցախյան 44-օրյա պատերազմից անմիջապես հետո լոսանջելեսահայ մի խումբ իրավաբաններ նախաձեռնեցին արցախցիներին աջակցելու ծրագիր։ Նրանք փաստագրում են արցախցիների կորուստները՝ իրավաբանորեն ձևակերպում նրանց բարոյական, մշակութային, գույքի ու հայրենիքի կորուստը։ Այդ նպատակով կազմակերպություն են հիմնել, որը կոչվում է «Ճշմարտության և արդարադատության կենտրոն»:
Միլենա Մայիլյան, «Ճշմարտության և արդարադատության կենտրոնի» անդամ - Հասկացանք, որ պետք է ժամանակ չկորցնել և փաստեր հավաքել, որ հետագա միջազգային զեկույցներում, հայցերում կարողանանք այդ փաստերը պատշաճ ներկայացնել։
Ամերիկահայ իրավաբանները գործակցում են Հայաստանի 4 բուհի՝ Սլավոնական, Ամերիկյան, Ֆրանսիական և Երևանի պետական համալսարանների հետ։ Գործին միացել է նաև Արցախի պետական համալսարանը։ Երկամսյա ծրագրի շրջանակում ամերիկահայ իրավաբաններն այս բուհերում իրավաբանություն սովորող ուսանողներին փոխանցում են փաստերի հավաքման գիտելիքներ ու հմտություն, որից հետո երիտասարդ իրավաբանները հանդիպում են 44-օրյա պատերազմից տուժածներին՝ զոհերի հարազատների, սեփականություն կորցրածների հետ ու արձանագրում նրանց պատմությունը։ Արդեն հավաքվել է 150 վկայություն։ «Ճշմարտության և արդարադատության կենտրոնը» նաև մշտական ներկայացուցիչ է գործուղել Երևան՝ ընդլայնվող աշխատանքը տեղում համակարգելու համար:
«Ճշմարտության և արդարադատության կենտրոնն» արդեն իսկ փաստեր է տրամադրում երկու դատական հայցի համար։ Կենտրոնի մասնագետները նշում են, որ եթե իրենց հաջողվի տվյալներ հավաքել, որ օրինակ՝ անօդաչու թռչող սարքի որևէ մաս արտադրվել է ԱՄՆ-ում և տվյալ սարքը կոնկրետ մարդու մահվան պատճառ է դարձել, ապա դատական հայցեր կհարուցվեն նաև ԱՄՆ-ում։ Ամերիկյան արդարադատության մարմիններին կդիմեն նաև Արցախում բիզնես կորցրած ամերիկահայերի գործերով։
Օրերս Ճշմարտության և արդարադատության կենտրոնը ԱՄՆ-ի կոնգրես ներկայացրեց այսպես կոչված՝ Սպիտակ թուղթ՝ White Paper, որը, սովորաբար, ամերիկյան կոնգրես է ուղարկվում որևէ որևէ երկրում բարդ քաղաքական իրավիճակների դեպքում՝ խնդրի մասին իրազեկելու համար:
Միլենա Մայիլյան - Մենք ասում ենք՝ ահա մեր անմիջական տուժածներին հնարավորություն տվեք գալ, ներկայանալ, կոնգրեսական լսումներ իրականացնել, որ դուք ինքներդ Ձեր ականջով լսեք, թե ինչեր են տեղի ունեցել և որոշեք՝ արդյոք այդ պետությանը կարելի՞ է նմանատիպ ֆինանսական միջոցներ տրամադրել, թե՞ ոչ:
Ադրբեջանցիներն արդեն իսկ թիրախավորել են կենտրոնի գործունեությունը։ Ամերիկահայ իրավաբաններն իրենց ամենամեծ զենքը համարում են արագ, որակյալ և պրոֆեսիոնալ աշխատանքը։
Հեղինակ՝ Լիլիթ Սեդրակյան