Հայկական Կարմիր խաչի ընկերության կողմից իրականացվող «Իջևան քաղաքում թափոնների կառավարման կարողությունները բարձրացնելու համար աղբահավաք մեքենայի և աղբամանների տրամադրման» ծրագրի շրջանակներում Հայկական Կարմիր խաչն այսօր Տավուշի մարզի Իջևան քաղաքին է հանձնել 240 աղբաման և համապատասխան աղբահավաք մեքենա։
Ծրագիրն իրականացվել է Ճապոնիայի կառավարության ֆինանսավորմամբ։
Նվիրատվության համաձայնագիրը ստորագրել են Իջևանի քաղաքապետի պաշտոնակատար Արթուր Ճաղարյանը և Հայկական Կարմիր խաչի ընկերության գործադիր տնօրեն Աննա Եղիազարյանը։
Արարողությանը ներկա են եղել ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուշիման, ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը։
«Այս ծրագրի պլանավորումը ևս իրականացվել է համատեղ և հիմնված է եղել համայնքի խիստ կարիքի վրա։ Թափոնների կառավարումը և շրջակա միջավայրի բարելավումը աղետների ռիսկի նվազեցման կարևոր բաղադրիչներից է, որը, ուղղված լինելով աղետների կանխարգելմանը, նպաստում է համայնքի դիմակայունության բարձրացմանը և հետևաբար՝ կայուն զարգացմանը»,- ասել է Աննա Եղիազարյանը։
«Ճապոնիայի կառավարության և ժողովրդի անունից ինձ համար մեծ պատիվ է ներկա լինել Իջևան քաղաքում՝ համայնքի կարողությունների բարձրացմանն ուղղված աղբատար մեքենայի և աղբամանների տրամադրման եզրափակիչ արարողությանը։ Ուրախ եմ, որ այս ծրագրի շնորհիվ զգալիորեն կբարելավվի Իջևանի կենցաղային թափոնների կառավարման համակարգը»,- նշել է դեսպան Մասանորի Ֆուկուշիման։
Իջևանի քաղաքապետարանն ապահովելու է աղբի հավաքման գործընթացի հետագա տեխնիկական սպասարկումը։