Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և նրա թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի լավ հարաբերությունները չեն խանգարում, որ վերջինս հրապարակայնորեն խոսի Ղրիմի նկատմամբ Ռուսաստանի իրավասության անօրինականության մասին՝ գրում է РИА Новости-ն:
Անկարան շարունակում է պահպանել Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը և Ղրիմի միացումը Ռուսաստանին համարում է չհիմնավորված: Այս մասին ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է Թուրքիայի նախագահը: Նման դիրքորոշումից ելնելով՝ Էրդողանը նաև հրաժարվել է ճանաչել Ռուսաստանի Դաշնության Պետդումայի ընտրությունների արդյունքները թերակղզու տարածքում:
Ռուսական կողմն արձագանքել է Ղրիմի վերաբերյալ Թուրքիայի նախագահի հայտարարություններին: Ըստ ռուսաստանցի վերլուծաբանների, իրականում Անկարան թերակղզին իրենն է համարում, Թուրքիայի տեսանկյունից Ղրիմը Թուրքիայինն է:
ՌԴ նախագահի մամուլի արտուղար Պեսկովն ափսոսանք է հայտնել, որ Էրդողանն այդ հայտարարություններն արել է սեպտեմբերի 29-ին Սոչիում ՌԴ նախագահ Պուտինի հետ հանդիպումից առաջ:
«Այնուամենայնիվ, մենք կնախընտրեինք կենտրոնանալ մեր երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման և տարածաշրջանային մարտահրավերների լուծման հարցում փոխգործակցության թեմաների վրա: Ինչ վերաբերում է այս դիրքորոշմանը, մենք կտրականապես դեմ ենք դրան և կշարունակենք աշխատել թուրքական կողմի հետ»,- ասել է Պեսկովը:
Ռուսաստանի Դաշնության խորհրդի միջազգային կոմիտեի անդամ Սերգեյ Ցեկովն էլ հայտարարել է, որ Թուրքիայի ղեկավարը պետք է իրական հայացք գցի իրավիճակին և հասկանա, որ Ղրիմն իսկապես կարևոր է Ռուսաստանի համար: Նրա խոսքով՝ թերակղզին այն տարածաշրջանն է, որտեղ ճնշող մեծամասնությամբ ապրում են ռուսներ, այնտեղ տեղակայված է նաև Սևծովյան նավատորմի հիմնական ռազմակայանը: Սենատորը հավելել է, որ Ղրիմը հավերժ կմնա Ռուսաստանի կազմում: