Մեկ տասնյակ նոր սարքավորումներ՝ ճանապարհների, կամուրջների, թունելների ստուգման և որակի գնահատման համար: Ճանապարհաշինական փորձարկումների լաբորատորիան ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ուսանողներին հնարավորություն կընձեռնի աշխատել նոր սերնդի սարքավորումներով:
Լաբորատորիայի հիմնումը հնարավոր է դարձել ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ՝ «որակյալ կրթությունը շինարարական բարձր որակի ապահովումն է» ծրագրով՝ Համաշխարհային բանկի «Շինլաբ» դրամաշնորհով: Կարմիր ժապավենը նախարար Դումանյանն է կտրում:
Նոր լաբորատորիան հնարավորություն է տալու կատարելագործել ավտոճանապարհներ, կամուրջներ և թունելներ կրթական ծրագրի դասավանդումը, տեղում իրականացնել գիտահետազոտական գործունեություն, գնահատել կրթություն - գիտություն - բիզնես առևտրայնացման հնարավորությունները: Նման լաբորատորիաները նախարար Վահրամ Դումանյանը համարում է անհրաժեշտություն ուսումնական հաստատությունների համար:
Նորագույն թվային սարքավորումներով հագեցած լաբորատորիան հնարավորություն է տալիս ուսանողներին փորձարկել բոլոր ճանապարհաշինական նյութերը՝ ասֆալտբետոն, բիտում, խիճ, ինչպես նաև՝ որոշել բնահողի խտությունը, արտաքին բեռնվածքի տակ կամուրջների ամրությունը: Հմուտ ուսանողներն իրենք են մեկնում տվյալ տարածք, կատարում ասֆալտի ստուգում և փորձանմուշի գնահատում:
Հայաստանում կառուցվում են բարձր որակի ճանապարհներ, և նման կենտրոնները ,նախարարի խոսքով, է՛լ ավելի կբարձրացնեն աշխատանքի որակը: Նյութերը պետք է խստագույնս անցնեն բոլոր հետազոտությունները, որպեսզի կասկածի տակ չդրվի անվտանգությունը: Վահրամ Դումանյանը հիշեցրեց կառավարության ծրագիրը՝ առանձին մեծ փաթեթ կրթության և գիտության զարգացման մասին է: Պարբերաբար ավելանում է ոլորտի ֆինանսավորումը:
Կրթության և գիտության ոլորտի առաջընթացի համար պետական դրամաշնորհների հատկացումը ևս շարունակական է լինելու: Դեռ անցած տարվանից մեկնարկած շուրջ մեկ տասնյակի հասնող պետական դրամաշնորհները տվել են իրենց արդյունքը: Դա հիմք է, որպեսզի բոլոր ծրագրերը լինեն շարունակական, միաժամանակ կավելանան ֆինանսական միջոցները: