Համայնքների խոշորացման թեման առավոտից խորհրդարանում էր հավաքել առաջարկվող օրենսդրական փոփոխության անմիջական շահառուներին: Կառավարության մշակած նախագծով 441 համայնքի միավորմամբ ստեղծվելու է նոր՝ 37 համայնք: Կառավարման մոդելի փոփոխությունը հատկապես փոքր գյուղերի խնդիրների լուծման հարցում էական դեր կունենա՝ նկատեց գլխադասային հանձնաժողովի նախագահը: Վահե Ղալումյանը որպես օրինակ բերեց արդեն խոշորացած Տավուշի Բերդը, նկատեց՝ դրա կազմում ընդգրկված ոչ մի գյուղ մանկապարտեզի խնդիր այլևս չունի:
Վահե Ղալումյան, ՀՀ ԱԺ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ - Ի տարբերությունը Բերդի, Իջևանը, որ մինչև հիմա չի խոշորացել, ունի մանկապարտեզի խնդիր, համայնքներն այդ ծասերը հոգալու հնարավորություն չունեն:
Մանկապարտեզից մինչև ճանապարհների ասֆալտապատում, լուսավորությունից մինչև ջրի խնդրի լուծում՝ խոշորացված համայնքի համար սուբվենցիոն ծրագրերի մասնակցության հասանելիությունն ավելի է մեծանում՝ նկատեց պատգամավորը: Ոլորտային փոխնախարար Վաչե Տերտերյանն էլ հիշեցրեց՝ այս նախագծի իրագործման փուլում կառավարությունն աչքի առաջ ունի նախկինում խոշորացած համայնքների փորձը: Գործընթացը 2016-ից էր սկսել ու նախորդ 5 տարիներին 486 մեծ ու փոքր համայքնի միավորմամբ 54-ն էր ստեղծվել: Տնտեսական զարգացումից բացի սա նաև քաղաքական ապակենտրոնացման է բերելու, միավորվող համայնքներում ավագանու ՏԻՄ ընտրություններ են սպասվում՝ հիշեցրեց փոխնախարարը:
Վաչե Տերտերյան, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար - Ունենք քաղաքական ընտրություններ, իսկ սա քաղաքականությունը դեպի հեռավոր կենտրոններ տեղափոխելու շանս է:
Այս ծրագրով չի խոշորանա, սակայն, ազգային փոքրամասնություններով բնակեցված 5 համայնք՝ ասաց Տերտերյանը: Իսկ ինչո՞ւ է առանձին միավոր մնալու որոշումը շրջանցել ասորիներին՝ հարցեցին լսումներին ներկա այդ համայնքի անդամները: Ասորիների հոգևոր հովիվ Նիկադիմ Յուխանաևը հորդորեց վերանայել որոշումն ու Արարատի մարզի Դիմիտրով գյուղը հանել խոշորացման ծրագրից: Ազգությամբ ասորի պատգամավորն էլ պնդեց՝ առանց բնակիչների կարծիքը հաշվի առնելու իրենց տանում են միաձուլման:
Զեմֆիրա Միրզոևա, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր - Մեր կողմից իրականացվել է ստորագրահավաք, հարցվածների մեծ մասը դեմ է արտահայտվել այդ որոշմանը:
Ասորական համայնքի անդմաների նման գնահատականների հետ փոխնախարարը համաձայն չէ: Պնդումներին, թե միավորման արդյունքում գյուղը ոչնչացման է տարվելու, Տերտերյանն արձագանքում է՝ ազգային փոքրամասնությունները միշտ եղել են պետության հատուկ հոգածության ներքո, հիմա էլ, եթե կարիք լինի, նրանց օրենքով հնարավոր է որոշակի արտոնություններ տալ, որ դուրս չմնան խոշորացված համայնքի կառավարումից:
Խոշորացումից դժգոհ են նաև Լոռու մարզի Մարգահովիտ գյուղում: Նոր փնջում ընդգրկվել չեն ուզում, պնդում են՝ տրամաբանություն չկա, իրենց ու Փամբակի միջև երկու գյուղ կա՝ մոլոկաններով բնակեցված, դրանք իրար են միանում, իսկ իրենց տանում կպցնում են Փամբակին, որի հետ նույնիսկ ընդհանուր միջհամայնքային ճանապարհ չունեն:
Ամբիոնին քարտեզով մոտեցավ Տերտերյանը, պարզաբանեց՝ դրանք այսպես՝ վարչատարածքային բաժանմամբ այլ տեքս ունեն:
Օրենքի նախագիծը հիմնավորված չէ՝ սա էլ պնդեց Վայոց ձորի ՀՀԿ-ական նախկին մարզպետը: Սպասվող փոփոխության մեջ Էդգար Ղազարյանը քաղաքական ենթատեքստ է տեսնում, որպես օրինակ՝ նշում ապախոշորացման դեպքերը:
Ղազարյանին արձագանքեց ՔՊ-ից Սերգեյ Բագրատյանն ու հիշեցրեց, որ Հերհեր ու Կարմրաշեն գյուղերը միշտ եղել են Վայքի տարածաշրջանում ու Ջերմուկի հետ կապ չեն ունեցել:
Եթե Վարչատարածքային բաժանման մասին օրենքի այս նախագիծն ընդունվի, հանրապետությունում ընդամենը 78 համայնք կլինի, որից 71-ը՝ միավորված: Այսօրվա հանրային լսումներից հետո արդեն այս ուրբաթ փաթեթն արտահերթ նիստով կդրվի օրենսդիրի քննարկմանը: