Մոսկվայում բացվել է ԽՍՀՄ մարշալ Հովհաննես Բաղրամյանի հուշակոթողը: Նախաձեռնությունը Դաշնությունում մեր երկրի դեսպանությանն է: Նոր բացված հուշակոթողի ֆոնին Ադրբեջանը բռնազավթած տարածքներում շարունակում է մշակութային կոթողների հանդեպ վանդալիզմը:
Իվան Բաղրամյան, Մարշալ Բաղրամյանի թոռը - Չարդախլու գյուղը շատ մարշալներ ու գեներալներ է տվել, չարդախլուցիները միշտ աչքի են ընկել խիզախությամբ:
Մարշալ Բաղրամյանի թոռ Իվան Բաղրամյանը հիշում է մարշալի տունը Չարդախլու գյուղում, ուր այցելել էր հայրենական պատերազմի 40-ամյակին: Արցախյան հնագույն այդ գյուղում տասներկու գեներալ, ԽՍՀՄ յոթ հերոս ու Խորհրդային Հայաստանի տասնյակից ավելի բարձրագույն սպաներ են ծնվել: Չարդախլուն առ օրս փառաբանվում է երկու մարշալի՝ Բաղրամյանի ու Բաբաջանյանի անուններով։ Իվան Բաղրամյանն ընտանիքի այլ անդամների հետ խորհրդային և հայ ականավոր զորավարի անվան՝ Մոսկվայի թիվ 1222 դպրոցի թանգարանում է հավաքել նրան պատկանող իրերը:
Վյաչեսլավ Կորպաչով, Մարշալ Բաղրամյանի անվան դպրոցի թանգարանի ղեկավար - Այստեղ են գտնվում մեծ զորավարի կյանքի և գործունեության եզակի ցուցանմուշներ, դրանք անձնական իրերն են՝ սիրելի բաժակը, պատերազմից հետո նվեր ստացած թանաքամանը, պորտֆելը, փաստաթղթեր, անձնական նամակներ, նաև պատերազմի տարիներից՝ հեսցեագրված կնոջն ու երեխաներին, լուսանկարներ ընտանեկան արխիվից:
Թանգարան այցելում են տարբեր դպրոցների աշակերտներ ու վետերաններ: Այսուհետ դպրոցի բակում աշակերտներին կողջունի ականավոր զորավարի գրանիտե արձանը: «Երկու ժողովուրդների Մարշալ Բաղրամյան» կոչվող քանդակագործական-ճարտարապետական կոմպոզիցիայի տեղադրման նախաձեռնությունը Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությունն է՝ Նիժեգորոդսկոյ քաղաքային շրջանի, Մոսկվայի կառավարության և Դումայի աջակցությամբ:
Վարդան Տողանյան, ՌԴ-ում Հայաստանի Հանրապետության դեսպան - Օրը խորհրդանշական է նրանով, որ չնայած մենք նշում ենք Ռուսաստանի հետ միջպետական հարաբերությունների 30-ամյակը, բայց Հայաստանի և Ռուսասատանի միջև հաշվվում է մի քանի հարյուրամյակ: Մեր բազմադարյա բարեկամության հիմքում համատեղ բազում հաղթանակներ են:
Կիսանդրու հետևում երկու հայելային գրանիտե կոթողները խորհրդանշում են դաշնակիցներ Հայաստանին և Ռուսաստանին՝ ասում է քանդակի հեղինակը:
Աշոտ Թադևոսյան, քանդակագործ, ճարտարապետ - Սա իմ առաջին Բաղրամյանի կերպարն ստեղծելու փորձը չէ: Ծանոթ եմ, մարշալին խորապես ուսումնասիրել եմ: Երկրորդ անգամ է՝ չեմ ուզում ներկայացնել նրան որպես խիստ զինվորական:
Իվան Բաղրամյան - Պապիս կենդանության օրոք, ինչպես ինքը պատմում էր, իրենց գյուղի 95 տոկոսը հայեր էին, 5-ը՝ ադրբեջանցիներ: Խաղաղ ապրում էին, առանց վիճելու: Գորբաչովյան վերակառուցումից ամեն ինչ սկսվեց:
Դեռ 1988 թ. Կիրովաբադում ադրբեջանցիները ոչնչացրին Մարշալ Բաղրամյանի կիսանդրին, սկզբում ներկ էին լցրել, իսկ հետո արդեն պատվանդանից պոկել: 1989-ին Չարդախլու գյուղում ոչնչացրին Հայրենական պատերազմի մասնակից 1300 զինվորների հիշատակին նվիրված հուշարձանը: Այժմ էլ Արցախի օկուպացված տարածքներում ադրբեջանցիները շարունակում են պղծել և ոչնչացնել հայրենական պատերազմի հուշարձաններն ու հայկական քրիստոնեական հինավուրց կոթողները:
Շուշիում քանդվել են ԽՍՀՄ կրկնակի հերոս Նելսոն Ստեփանյանի, սոցիալիստական աշխատանքի հերոս Իվան Թևոսյանի կիսանդրիները: Ազոխ գյուղում ոչնչացվել է գեներալ-գնդապետ Սերգեյ Սարդարովի, Հադրութում՝ Ծովակալ Իսակովի հուշարձանը, Քարին տակում, Ավետարանոցում, Ակնաղբյուրում՝ հայրենական պատերազմի հիշատակին նվիրված հուշարձաններ, Մեծ Թաղեր գյուղում՝ մարշալ Արմենակ Խանփերյանցի թանգարանը:
Ադրբեջանն ու Թուրքիան մշակութային ցեղասպանություն իրականացնելով՝ նպատակ են հետապնդում Արցախից ջնջել հայկական պատմությունն ու հետքը, ինչպես ժամանակին արեցին Նախիջևանում՝ ասում է հայրենական պատերազմի մասնակցի դուստր, քաղաքագետ Կարինե Գևորգյանը:
Կարինե Գևորգյան, քաղաքագետ, արևելագետ - Անխոս, Շուշիում հուշարձանների ավերումն ու ոչնչացումն, ինչպես օրինակ, Խորհրդային Միության հերոս Նելսոն Ստեփանյանի հուշարձանի դեպքում, վանդալիզմ է: Զարմանալի է այն, որ ռուսական ԱԳՆ-ն չի արձագանքում, և ես գտնում եմ, որ դա երկակի ստանդարտների քաղաքականություն է: Եթե այլ երկրներում նման քայլերը դատապարտելի են, ուրեմն պետք է արժանի գնահատական տալ նաև Շուշիում քանիցս կատարված վանդալիզմին:
Ադրբեջանը խոչընդոտում է անգամ ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատվիրակության այցը Լեռնային Ղարաբաղ՝ գնահատելու հուշարձանների և պատմական կառույցների վիճակը: Սակայն համացանցում առկա նյութերը բավարար են իրական գործընթաց նախաձեռնելու, և ոչ պակաս կարևոր՝ հանրային գնահատական տալու համար:
Կարինե Գևորգյան - Հայաստանի կառավարությունը հուշարձանների ոչնչացման հայցով պետք է դիմի Հաագայի միջազգային դատարան, քանի որ միայն պետությունն իրավունք ունի դիմելու: Կարծում եմ, որ բավականաչափ նյութեր են հավաքվել: Ադրբեջանցիները պնդում են իրենց մզկիթների ոչնչացման մասին, բայց դա սուտ է, քանի որ դրանք ոչնչացվել են խորհրդային տարիներին:
Ադրբեջանի կործանարար գործողությունները կասեցնելու հարցում մեծ դեր կարող է խաղալ նաև Հայ առաքելական եկեղեցին՝ կարծում է քաղաքագետը: Նրա մասնակցությամբ, Էրմիտաժի ղեկավարության և Մեծ Բրիտանիայի լորդերի պալատի պատգամավորների, եվրոպական ու ամերիկյան գիտական ընկերակցության անդամների աջակցությամբ ու մասնակցությամբ անցկացվել է վեբ-սիմպոզիում, որտեղ քննարկել են ադրբեջանա-թուրքական տանդեմի կողմից հայկական մշակութային արժեքների ոչնչացումը՝ միջազգային մակարդակով չարիքի տարածումը և արմատականությունը կանխելու նպատակով: