Լոռվա Կուրթան գյուղը նոր այցեքարտ ունի. արդեն շուրջ մեկ տարի այստեղ կարվում են հայկական արտադրության բաճկոններ: Made in Kurtan բրենդը հասցրել է ճանաչելի դառնալ ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհի տարբեր անկյուններում:
«Մենսենքինդերեն» հիմնադրամի ղեկավար Էխբերտ վան Բիսթեն - Ես այն խորհուրդ եմ տալիս իմ ընկերներին, ընտանիքի անդամներին, բայց մի խնդիր կա. դրանց չափսերը բավական փոքր են: Այս հագուստներից ոչ մեկն իմ հագին չի լինում, բայց եթե պատրաստեք XXXXl չափը, ես անպայման կգնեմ իմ և ընկերներիս համար:
Խորհրդային տարիներին էլ բնակավայրում կարի ֆաբրիկա է գործել. այժմ արտադրությունը վերականգնվել է «Աստղիկ» բարեգործական, հոլանդական «Մենսենքինդերեն» հիմնադրամների և հոլանդացի բարերարների աջակցությամբ
«Աստղիկ» բարեգործական հիմնադրամի տնօրեն Մարիամ Անտոնյան - Առաջինը մենք սկսեցինք կարել փախստական ընտանիքիների համար վերմակներ և երեխաների համար տաք բաճկոններ: Հասկացանք, որ բաճկոնը կարող է լինել այս արտադրության հիմնական արտադրատեսակը:
ՀԴԿ արտադրամասում աշխատում է 7 կին՝ հնարավորություն ունենալով հոգալու ընտանեկան հոգսերը:
ՀՀ-ում Նիդերլանդների դեսպան Նիկոլաս Յակոբ Սխերմերս - Մենք կարծում ենք, որ հասարակության մեջ կանանց հզորացումը շատ կարևոր է: Պետք է օգտագործել յուրաքանչյուր կնոջ հմտությունները՝ հասարակության զարգացման համար:
Բաճկոնների պատվիրատուները շատ են: Ստացած եկամտի շնորհիվ կարողացել են տարածք գնել և արտադրության պայմանները բարելավել: Ըստ մարզային իշխանությունների՝ այս ամենը նպաստում է նաև Կուրթանում տնտեսության զարգացմանը:
Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյան - Փոքր ներդրում է, բայց մեծ կարևորություն է նմանատիպ գյուղում աշխատատեղերի ստեղծելու կապակցությամբ: Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Լոռու մարզպետարանը պատրաստ է աջակցելու բոլոր նմանատիպ ծրագրերի, որոնք միտված են մեր բնակչության բարեկեցության բարելավմանը:
Բաճկոններից բացի նաև երկար ժիլետներ են կարում, իրենց բառերով ասած՝ անթևիկներ: Աշխատողները վստահեցնում են՝ այնքան սեր ու ջերմություն են ներդնում Made in Kurtan-ի մեջ, որ հագնողը հաստատ չի մրսի։ Հիմա բարձրորակ արտադրանքը սպառողին մատուցվում է միայն մայրաքաղաքում. նպատակ կա բրենդային խանութ հիմնելու հենց Կուրթանում:
«Աստղիկ» բարեգործական հիմնադրամի տնօրեն Մարիամ Անտոնյան - Մեր նպատակը արտադրության հետ կապված՝ այսքանով չի սահմանափակվում, մենք մեծ նպատակ ունենք ընդլայնելու, մեծացնելու ավելի շատ աշխատողներ ունենալու:
Կուրթանի արտադրամասը նաև ուսումնական կենտրոն կդառնա համայնքի այն երիտասարդների համար, որոնք կուզեն սովորել դերձակի, տեխնոլոգի և վարպետ-մեխանիկի մասնագիտություններ։
Հեղինակ՝ Սերինե Սերոբյան